«Գնում են՝ դրսից տղա են բերում մեր վրա, լինի Բրյուսելից թե Մոսկվայից, ինչը կարծես չի ստացվում և չի էլ ստացվելու». Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ի մասին

«Կարծում եմ՝ բացի մեզանից, մնացած բոլորն ինչ-որ ձևով, ինչ-որ ակնկալիքներ ունեին, մենք որևիցե ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի: Նաև ակնկալիք էլ չունենք, որ այս որոշման հետ կապված որևէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի: Պարոն Թովմասյանի և նրան մերձ լրատվամիջոցների և գործիչների ցանկությունն է՝ այդ փոթորիկը մի փոքր բաժակում ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամ է, որ գնում են՝ դրսից տղա են բերում մեր վրա, լինի Բրյուսելից թե Մոսկվայից, ինչը կարծես չի ստացվում և չի էլ ստացվելու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների դիմումի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակած որոշմամբ ոչ թե ՍԴ դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրայր Թովմասյանի դիմումն ընդհանրապես է մերժել, այլ  որոշել է մերժել  հայցվոր կողմի պահանջը՝ սառեցնել սահմանադրական փոփոխությունները  և կիրառել միջանկյալ միջոց։

Իսկ ԱԺ փոխխոսնակը լրագրողների հետ զրույցում հեգնեց ՝ եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա իր հարցազրույցի ժամանակ լույսն անջատել, որպեսզի չկարողանա հարցազրույց տալ, անպայման կանի: «Չեմ ուզում մանրանալ, բայց վստահ եմ, որ նա ամեն ինչ կանի, որպեսզի կառչած մնա այդ աթոռից»,- հավելեց Ա. Սիմոնյանը:

Հարցին՝ Սահմանադրական դատարանի նոր անդամների վերաբերյալ շրջանառվում է Գագիկ Ջհանգիրյանի, Կարեն Անդրեասյանի անունները, իշխանությունը նրանց թեկնածությունը դիտարկո՞ւմ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ մամուլում շրջանառվող անունների 99  տոկոսը չեն համապատասխանում իրականությանը:

«Այո, քննարկվում է ընկերաբար, քննարկվում է զուտ մամուլում, բայց պետք է սպասել, թե նախագահը և Կառավարությունը, ինչպես նաև՝ ԲԴԽ-ն, ինչ թեկնածուներ կառաջադրեն: Այդ անունների մեծ մասը մենք մամուլից ենք իմանում, և չեմ կարող ասել, որ դրանք ռեալ թեկնածուներ են»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս