Մինչև 500 միլիոն դրամի արտոնյալ վարկ՝ տնտեսվարողներին. ովքեր կարող են դառնալ ծրագրի շահառու
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշ մանրամասներ փոխանցեց հակաճգնաժամային առաջին միջոցառման ծրագրում կատարված փոփոխությունների մասին.
«Մինչև օրս սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ ՝ մինչև 250 մլն վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչև 1 տարի ժամանակահատվածի համար: Մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը, եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50 մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել, կամ կիրականացնի 2020թ.-ի ընթացքում, ապա ստանում է հնարավորություն սուբսիդավորվել 400 մլն դրամ համարժեք վարկի չափով, արդեն իսկ 36 ամսվա ժամանակահատվածի համար, որը շատ էական է, արտոնյալ հնարավորություն է: Եթե համալրումն իրականացվել է 100 մլն-ի չափով, կամ կիրականացնի 2020-ի ընթացքում, ապա հնարավորություն ունի ստանալ 500 մլն-ին համարժեք վարկ՝ 48 ամսվա համար: Եթե պարզ հաշվարկ անենք, սուբսիդիայի մասով տնտեսվարողի տարեկան խնայողությունը, եթե վերցնենք 500 մլն-ը, իսկ մենք նպատակից կախված ընդհուպ մինչև ամբողջությամբ սուբսիդավորում ենք տոկոսադրույքը, դա մեկ-երկու տարվա իր շահն է, որն ինքը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում»:
Մհեր Գրիգորյանը նաև նշեց, որ իր տվյալներով՝ 1 հայտ արդեն բավարարվել է, ևս 2-ը քննարկման փուլում են: Փոխվարչապետը հիշեցրեց նաև հարկային բարեփոխումների մասին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում