Վարազդատ Կարապետյանը շատ է մեկուսացել խմբակցությունից. Որն է պատճառը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ, ԱԺ խորհրդի որոշմամբ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնել էր Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր« Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
Բացի այդ, որոշում էր կայացվել, որ իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այլեւս չի ղեկավարի նաեւ Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը: Այն իր փոխարեն կղեկավարի նույն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը:
Եվ, ահա, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ այս փոփոխությունը զարմանալի է եղել նաեւ իշխանական խմբակցության պատգամավորների համար, քանի որ, շատերի կարծիքով, Վարազդատ Կարապետյանը լավ եւ աշխատող պատգամավորներից է, որը կարող էր այս երկու բարեկամական խմբերում բավականին լավ աշխատանք կատարել: Ըստ խմբակցության պատգամավորների՝ վերջին ժամանակահատվածում Վարազդատ Կարապետյանը շատ է մեկուսացել խմբակցությունից, ինչի համար էլ նման որոշում է կայացվել:
Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Վարազդատ Կարապետյանը խմբակցության ղեկավարությանը դեռեւս ամիսներ առաջ է տեղեկացրել, որ ինքը զբաղված է ու չի կարող այդ երկու բարեկամական խմբերի աշխատանքներով զբաղվել:
Եվ այս ամենը հաշվի առնելով, որոշում է կայացվել Վարազդատ Կարապետյանին հեռացնել իր ղեկավարած հանձնաժողովի պաշտոններից: Մենք փորձեցինք այս տեղեկությունների շուրջ զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հետ, սակայն անարդյունք. հեռախոսն անջատված էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: