Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննության առարկա չդառնալ
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարգապահական վարույթի գործով որոշումը։ Լուրեր են շրջանառվում, որ ԲԴԽ-ն, ամենայն հավանականությամբ , կդադարեցնի դատավոր Ազարյանի լիազորությունները։ Սակայն, հարկ է շեշտել, որ ԲԴԽ-ն այս պահին չունի նման իրավասություն։ Հոդվածը, որը հնարավորություն էր տալիս ԲԴԽ-ին անմիջապես դադարեցնել դատավորի լիազորությունները՝ ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական, ինչը բացառում է մինչև մայիսի 2-ը հարուցված որևէ վարույթով որևէ դատավորի լիազորության դադարեցում։ Այդ թվում նաև դատավոր Ազարայնի, ում նկատմամբ վարույթը հարուցվել է մինչև մայիսի 2-ը։
Դեռևս 2019թ. փետրվարին ԲԴԽ-ն, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը, որոշել էր` Ա. Մելքումյանի լիազորությունները դադարեցնել էական կարգապահական խախտման հիմքով։
Սակայն հետագայում Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ Դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի նորմը, որով առաջնորդվել էր ԲԴԽ-ն ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։
Այս հիմքով է, որ ԲԴԽ-ն չի կարող Ա. Ազարյանի նկատմամբ կիրառել լիազորությունների դադարեցման որոշում։ Եվ եթե այս հարցում ևս իշխանությունները որոշեն գնալ օրենքները արհամարհելու, ոտնահարելու ճանապարհով, և ԲԴԽ-ին հարկադրեն կայացնել օրենսդրական կարգավորումներին ճիշտ հակառակ որոշում, ապա դա կլինի կոպտագույն իրավախախտում, որին հաջորդ իշխանությունները անպայման կտան իրավական գնահատական։ Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննության առարկա չդառնալ։
Որոշում կայացնելուց առաջ ԲԴԽ-ն պետք է գնահատի հնարավոր հետևանքները, զերծ մնա օրենքի պահանջների ոտնահարումից, հակառակ դեպքում կդառնա հանցակից այն իրավախախտումներին, որոնք «Նոր Հայաստանում» դարձել են օրինաչափություն։
Ասյա Օվանյան
«Իմ Ձայնը» նախագիծ
ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ