«Կտուգանվեմ, երբ ամբողջ ոստիկանական համակարգը, կսկսի հաց ուտել և ծխել բացառապես դիմակով». դիմակ չկրելու համար բերման ենթարկված Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց
Այսօր ժամը 15:00-ի սահմաններում հայտնի դարձավ, որ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղակտիվիստ Նարեկ Սամսոնյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ոստիկաններն իրեն ապօրինի պահանջ են ներկայացրել, որն ինքը հրաժարվել է կատարել: Որպես փաստաբան՝ Կենտրոնի բաժին էր եկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, բաժնի առջև հավաքվել էին «Ադեկվադ» միաբանության մի քանի անդամ: Բերման ենթարկելուց երկու ժամ հետո Նարեկ Սամսոնյանին ազատ արձակեցին: Նա լրագրողների հետ զրույցում պատմեց.
«Ես ծխում էի: Ծխելու ընթացքում իջեցրել էի դիմակս, բնականաբար, ոչ ոք դիմակով չի կարող ծխել: Ծխախոտս աղբարկղի մեջ նետելիս ոստիկանը մոտենում էր ինձ, երբ մոտեցավ, ասացի, որ ծխում էի, հիմա կբարձրացնեմ: Այդ ընթացքում, որ ոստիկանը ինձանից պահանջում էր փաստաթուղթ, մոտեցավ ալեհեր մի կին և սադրեց ինձ, ոստիկանը հարձակվեց ինձ վրա ագրեսիվ ձևով, տեսագրությունը կա, բայց չենք հրապարակի, եթե այստեղ փորձեին խուլիգանությունը բարդել ինձ վրա, ապա կհրապարակեինք: Այդ կինն ասաց՝ ե՞րբ ենք ձեզ վտարելու այս երկրից, ես էլ իրեն ասում եմ, որ շուտով ինքն ու իր սիրելի Նիկոլ Փաշինյանը, այն բոլոր մարդիկ, որոնք այսօր զավթել են Հայաստանի իշխանությունը, իրենք են վտարվելու: Այս ընթացքում Ոստիկանության կապիտանը լուռ կանգնած հետևում էր, թե ինչպես է այդ սադրիչը, որ եկել էր, որ ես իրեն մի ապտակ հասցնեմ, կամ չգիտեմ հարվածեի մի ձևով ու դառնայի խուլիգանության մասնակից, սպասում էին, թե երբ է հասցնելու ավարտին իր պատվերը»,- ասաց Սամսոնյանը:
Նա նաև պատմեց Ոստիկանությունում կատարվածի որոշ մանրամասներ, մասնավորապես, որ իրեն ասել են, թե ինքը հայհոյել է, սակայն իրականում նման բան չի եղել: Սամսոնյանի պնդմամբ՝ Ոստիկանությունում փորձել են «գործ ստեղծել» խուլիգանություն հատկանիշներով, ինչը չի ստացվել: Դիմակի արձանագրություն են կազմել և բաց թողել:
«Ես ասել եմ, որ կտուգանվեմ, երբ ամբողջ ոստիկանական համակարգը՝ սկսած ոստիկանապետից, կսկսի հաց ուտել և ծխել բացառապես դիմակով: Ես որևէ խախտում թույլ չեմ տվել»,- ասաց Սամսոնյանը:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երկու նկատառում ուներ. առաջինը, որ Սամսոնյանին Ոստիկանություն բերելու պահին չեն տեղեկացրել՝ նա բերման ենթարկվա՞ծ է, վարչակա՞ն ձերբակալման է ենթարկվել, ի՞նչ հիմքով են ազատությունից զրկել նրան, ինչը պարտավոր էին անել, և երկրորդը.
«Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ, եթե իրենց վարչական ձերբակալման են ենթարկում, դա պետք է հնարավորինս արագ տևի, մենք 1 ժամ 20 րոպե սպասում էինք, թե ե՞րբ են փաստաթղթերը մեզ մոտեցնելու: Եթե դա դիմակի արձանագրություն էր, ապա, իմ կարծիքով՝ դա հնարավոր էր անել եթե ոչ՝ 10, ապա՝ 20 րոպեում»:
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է, քանի որ իրենց նկատմամբ մոտ 20 նման վարչական արձանագրություն կա, որոնցից ոչ մեկն իրենք չեն վճարել, և Ոստիկանությունն էլ դրանք չի հասցրել իր վերջնակետին՝ չի դիմել Վարչական դատարան: