«Երեխաներիս հետ կրակի միջից փախել եմ, որ չվառվենք». Վեդիում ճանապարհն աղբանոցի է վերածվել
Արարատի մարզի Վեդի քաղաքից դեպի այգիներ տանող ճանապարհը, տեղի բնակիչների խոսքով՝ մի քանի տարի է՝ աղբանոցի է վերածվել: Նախկինում այս տարածքը պարսպապատ է եղել, սակայն դրանք այսօր չկան, և աղբը կուտակվում է փողոցի երկու կողմերում՝ վերածվելով թմբերի:
Բնակիչներից Ավետիս Մարջանյանը դժգոհեց, որ, եթե նախկինում այստեղ միայն Վեդի քաղաքի աղբն էին թափում, ապա այսօր՝ քաղաքին հարակից 18 գյուղերինը ևս:
«Բերել են ընդհանուր աղբավայր են սարքել, մոտ 150 հեկտար դաշտեր կան այդ հատվածում, ու ճանապարհն այդպես է անցնում: Բերում աղբը լցնում են, տեխնիկան էլ չի դզում, մնում է ճանապարհի վրա: Անընդհատ բշտում եմ, հայհոյում եմ, հավաքում բերում եմ, մի քիչ մաքրում են, էլի հաջորդ օրը՝ նույն ձև»,- ասաց քաղաքացին:
Նրա խոսքով՝ քաղաքապետի հետ էլ են զրուցել, բայց փոփոխություն չկա.
«Զանգել էի քաղաքապետին, ասում է՝ ի՞նչ անեմ, ոչինչ չեմ կարող անել, ճանապարհը փոխեք, ուրիշ տեղով գնացեք»:
Բնակիչներից մեկի խոսքով էլ՝ ամբողջ օրն այդ ծխի հոտն են շնչում, իսկ քամու դեպքում աղբը տարածվում է. «Այդ ճանապարհը մոտ 1 կիլոմետր ձգվում է, գերեզմաններն էլ են այդ տարածքում, մի հատ քամի է լինում, ամբողջ զիբիլը տարածվում է գերեզմանոցներում, դաշտերի մեջ: Աղբը երկու կողմից բուրգերի է վերածվել»:
Բնակիչները նաև տեսանյութ ուղարկեցին, որտեղ երևում է ծխացող աղբանոցը, տարածքն ամբողջությամբ ծխի մեջ է. «Ոչ մեկի հեչ պետքը չի, մարդ չկա, որ այս հարցը լուծի, ու այս ծխով մեր երեխաներն են թունավորվում, սրանց չեմ կարողանում այդքանը բացատրեմ, չի մտնում սրանց ուղեղը: Մի քանի անգամ կրակի միջից փախել եմ երեխաներիս հետ, որ չվառվենք»:
Բնակիչները հույս հայտնեցին, որ պատկան մարմինները կզբաղվեն այս հարցով և խնդրին լուծում կտան:
168.am-ը փորձեց կապ հաստատել Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հետ, սակայն քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց, որ Բարսեղյանը տեղում չէ, իսկ անձնական համարի զանգերին չի պատասխանում:
Նարեկ Խաչատրյան