Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքների մասին որոշումը կհրապարակվի վաղը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքների քննությունը։ Տեղեկությունը լրագրողներին փոխանցեց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ հուլիսի 8-ին։

«Դատական նիստն ավարտվեց։ Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ։ Կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու առարկությունները։ Դատարանի կողմից բավականին խորը հարցեր կային՝ երկու կողմերին էլ առաջադրվեցին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը, ժամն այս պահի դրությամբ հստակ չի՝ կախված ծանրաբեռնվածությունից»,- դատարանի առջև՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը։

Լրագրողների խնդրանքով փաստաբանը ներկայացրեց մի քանի մանրամասներ փակ դատական նիստից.

«Բոլոր բողոքներն էլ, ըստ էության,  ներկայացվեցին, դրանց վերաբերյալ կողմերը ներկայացրին իրենց առարկությունները, դրանց մասին բավականին երկար խոսել ենք և փաստարկները ներկայացրել ենք, դատարանը պետք է որոշումը կայացնի»:

Երեմ Սարգսյանը հույս ունի, որ  իրենց կողմից ներկայացված բողոքի փաստարկները կընդունվեն դատարանի կողմից.

«Բավականին խորը վերլուծություններ ենք կատարել՝ արդար դատաքննության իրավունքի խախտման հետ կապված, որովհետև մեր դիրքորոշումն այն է, որ օրենքով սահմանված կարգով դատավորները պետք է ընտրվեն պատահական ընտրությամբ, այլ ոչ թե կոնկրետ դատարանի նախագահն իր ցանկությամբ պետք է  մակագրություն կատարի. այս կարգի խախտումն արդեն հանգեցնում է դատաքննության իրավունքի խախտման: Ներկայացրել ենք խնդիրներ քննչական ենթակայության կանոնների  հետ կապված, հիմնավոր կասկածի, կալանավորման հիմքերի հետ կապված, ԱԺ ներկայացված միջնորդության մեջ արարքի նկարագրության և դրան տրված քրեաիրավական որակման և քննիչի կողմից առաջադրված  մեղադրանքի  տարբերության, որակումների հետ կապված, որոնք որ մանրամասն քննության առարկա են դարձել: Հույս ունենք, որ, այնուամենայնիվ, դրանք կընդունվեն դատարանի կողմից, իսկ եթե չէ՝ ըստ նպատակահարմարության՝ կքննարկենք Վճռաբեկ դատարան, եվրոպական դատարան բողոքը ներկայացնելու անհրաժեշտությունը»:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել դատարան, քանի որ վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է ապօրինի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031