«Երևանի այդ ժեստը բազում հարցեր է առաջացնում Մոսկվայում»․ Տարասով

«Հայաստանում հակառուսականության առկայության հարցն այն հարցն է, որի պատասխանը Մոսկվայում ևս ցանկանում են ստանալ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին ակտիվորեն քննարկվող հակառուսականության թեմային։

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե վերջերս Հայաստանում տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում, բավականին լայն քննարկումների առիթ է դարձել հայաստանյան քաղաքական շրջանակներում։ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես գրել էր․

«Վերջերս Հայաստանում տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում, որոնք մեր երկրում ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով: Այդ ուժերի վերջնական նպատակակետն է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խզումը: Որպես օրինակ՝ հարկ է նշել, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի մեր երկրից դուրսբերմանը: Կարծում եմ՝ բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է, որոնք անդադար սպառնում են մեզ պատերազմով և ոչնչացմամբ, այլ նաև պարարտ հող է ստեղծում ամբողջ տարածաշրջանում առանց այդ էլ փխրուն խաղաղությունը պայթեցնելու համար:

Ուզում եմ միանշանակ փաստել, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման և մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է է՛լ ավելի խորացնենք և ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի և եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ քաղաքական, տնտեսական, ռազմական ձևաչափերով, որոնք փոխշահավետ կլինեն մեր երկու ժողովուրդների համար»։

Իշխանական մի շարք փորձագետներ, քաղաքական գործիչներ անհիմն են որակում Ծառուկյանի պնդումները, նրան մեղադրում են «դրսից տղա բերելու» և Մոսկվայի հետ համագործակցության այլ փորձերի մեջ։

Ստանիսլավ Տարասովի հետ փորձեցինք հասկանալ, թե արդյոք Ռուսաստանից նկատվո՞ւմ են հակառուսական տրամադրություններ Հայաստանում։

Նա նշեց, որ սա այն հարցն է, որի պատասխանը Մոսկվայում ևս ցանկանում են ստանալ։

«Իհարկե, մենք ուշադիր կերպով հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և այն հայտարարություններին, որոնք հնչում են, այդ թվում՝ այն, ինչ ասաց պարոն Ծառուկյանը, այլ քաղաքագետներ և քաղաքական գործիչներ, ասում են, որ նկատվում են որոշակի հակառակուսական տրամադրություններ, բազայի դուրսբերման պահանջ, և այլն։ Մենք հետևում ենք, որպես գործընկեր, մեր ազդեցությունն այս ամենի վրա զրոյական է, թեև հեռուստաընկերությունների մասով եղան խնդիրներ, դեսպանը որոշակի հայտարարություններ արեց, դա ընկալվեց՝ որպես ծայրահեղ բացասական պահ, քանի որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ գործընկերների միջև պետք է լինի բաց եթերային տարածք, առավել ևս, երբ ռուսական հեռուստաընկերություններով երբեք հակահայկական պրոպագանդա չի իրականացվում։ Ընդհանրապես այդ եթերը ՀՀ ազգային անվտանգությանը որևէ սպառնալիք չէ։ Երևանի այդ ժեստը շատուշատ հարցեր է առաջացնում Մոսկվայում»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

Նրա խոսքով, հայ շատուշատ քաղաքական գործիչներ փորձում են Ռուսաստանի դերը Հայաստանի համար նվազեցնել, հասցնել սովորական այլ գործընկերների դերին։

«Բայց դա այդպես չէ, քանի որ մենք գործընկերներ ենք ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում, դա մեզ պարտավորեցնում է հարաբերությունների որոշակի մակարդակի, իսկ Հայաստանը, կոպիտ ասած, փորձում է ցույց տալ, թե ի՞նչ տարբերություն Մոսկվայի և Փարիզի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, եթե այդպիսի ընկալում կա, դա միայն խորը հիասթափություն է առաջացնում»,- ասաց ռուս քաղաքագետը։

Տարասովն արձանագրեց, որ անցյալում ռուսական հետաքրքրությունը, այդ թվում՝ լրատվամիջոցներում, ավելի ակտիվ էր Հայաստանի նկատմամբ, քան ներկայումս։ Նա նկատում է, որ ներկայումս Հայաստանի վերաբերյալ նյութերը չափազանց քիչ են։ «Ներքաղական հաշիվների մաքրումները հաճախ ներկայացվում են հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում, և դա մեզ՝ ռուսական կողմին, նյարդայնացնում է, ուստի մենք, այդ թվում՝ ես, չէի ցանկանա մեկնաբանությունների մակարդակում ևս ազդել ինչ-որ գործընթացների վրա, քանի որ մենք, ինչպես ասացի, ամեն ինչ կարդում ենք։ Հուսանք, որ ոչինչ չի փոխվելու՝ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը Մոսկվայի կողմից պետք է հավասարակշռված և զգույշ բնույթ կրի»,- ասաց Տարասովը։

Հարցին, թե կա՞ արդյոք ռուսական քաղաքական շրջանակների կողմից համագործակցություն հայաստանյան ուժերի հետ, ինչպես ՀՀ–ում շատ վերլուծաբաններ են պնդում, Տարասովը պատասխանեց․

«Ես կհարգեի մեր ԱԳՆ-ին և Կրեմլին, եթե նրանք միջամտեին՝ կարծիք հայտնելով, քանի որ կհասկանայի, որ հետաքրքրվածություն ենք ցուցաբերում։ Կցանկանայի, որ մեկնաբանեին, հայտարարություններ անեին, սակայն մեռյալ լռություն է տիրում, դա կա՛մ անտարբերության, կա՛մ հետաքրքրության կորստի, կա՛մ զգուշավորության նշան է։ Ես կարծում եմ, որ մենք պարզապես մեզ զգույշ ենք պահում։ Դա ներկայումս ճիշտ է։ Ավել մեկնաբանություններ չէի ցանկանա տալ»։

Տեսանյութեր

Լրահոս