Բաժիններ՝

Եթե պարզվի, որ ուսուցիչն ու ծրագիրը լավը չեն, թվանշան էլ չկա, այդ դեպքում ինչի՞ համար է այս դպրոցը. Սերոբ Խաչատրյան

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ լավ կլիներ, որ սրանից առաջ ունենայինք կրթության ռազմավարություն:

«Մտահոգություն ունեմ, որ կարող է ուսուցիչներն առանձնապես նոր մոտեցումները չընկալեն: Կոմպետենցիա բառի մեջ երկու իմաստ հաստատ պետք է լինի: Առաջին իմաստն այն է, որ սա ուսուցման մի մոտեցում է, որտեղ ավելի կարևորվում է գործնականը, որովհետև եթե դու ինչ-որ մի բան սովորել ես, բայց չես կիրառում, դա այդքան արժեքավոր չէ, և կրթությունը մեկ բան չէ, որը դու ուղղակի անցնում ես: Դու վերջում պետք է վարպետանաս ինչ-որ կարևոր բաների մեջ: Իսկ երկրորդ իմաստը դա հասուն լինելն է»,- «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա կարծիքով, այնուամենայնիվ, փաստաթուղթն անհրաժեշտ է մի փոքր ընդլայնել ու փորձել բացատրել, թե ի՞նչ է սա, որովհետև պետք է փաստաթուղթ դառնա ուսուցիչների համար:

«Ցավոք, մեր նախորդ չափորոշիչներն այդպես էլ չդարձան ուսուցիչների ձեռքի գործիք: Նրանք շարունակեցին կառչած մնալ դասագրքերից, ուստի հիմա պետք է փորձենք ավելի պարզ ձևով բացատրել, թե կոմպետենցիոն մոտեցումն ի վերջո ի՞նչ է փոխում ուսուցման մեջ: Կարծում եմ, փաստաթուղթը լրամշակման կարիք ունի: Կարևոր է նաև առանցքային 8 կոմպետենցիաներն ավելի ներդաշնակ ձևով կապել վերջնարդյունքների հետ: Երկրորդ կարևոր բանը, որ կա փաստաթղթում, և արժե ուշադրություն դարձնել, դա այն է, որ դպրոցներին տրվում է բավականին մեծ բովանդակային ազատություն՝ նախկինի համեմատ»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է մինչև 5-րդ դասարան գնահատանիշ չլինելուն և բացասական թվանշան չլինելուն՝ նկատեց.

«Նորից հումանիստական փոփոխություն է, սակայն այստեղ կրկին խնդիր ենք ունենալու գործող մշակույթի հետ, որովհետև երբ դու համակարգում ինչ-որ մի բան հանում ես, տվյալ դեպքում՝ թվանշանը, համակարգը լավ կամ վատ գործում է, բայց այդ դեպքում առաջանում է դատարկություն: Դու պետք է տեղը լցնես, եթե ոչ՝ այդ դատարկությունը նորից կարող է սխալ ուղղությամբ գնալ: Փաստ է, որ ունենք բազմաթիվ աշակերտներ, ովքեր սովորում են թվանշանի համար: Վատ է, որ այդպես է, բայց դա ի՞նչ առավելություն ունի. այն կարճաժամկետ պարգևատրում է աշակերտին, դրա համար շատերին մոտիվացնում է: Համաձայն եմ, հանենք, բայց պետք է դա շատ լավ ուսուցիչներով, ծրագրերով, դասագրքերով փոխարինենք: Որովհետև, եթե պարզվի, որ ուսուցիչն ու ծրագիրը լավը չեն, թվանշան էլ չկա, այդ դեպքում ինչի՞ համար է այս դպրոցը: Կարող ենք ունենալ հետընթաց: Նույնը նաև բացասական թվանշանները վերացնելուն է վերաբերում: 1-3 թվանշաններն այլևս բացասական չեն համարվում, երկտարեցիությունը վերանում է: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ այն վատ բան է և որևէ կերպ չի օգնում կրթության որակին: Երեխան, ով մնում է նույն դասարանում, հաջորդ տարի ավելի վատ է սովորում, ավելի է չարանում, վատ նայում դպրոցին»:

Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ, ունենք աշակերտների մի մեծ խումբ, ովքեր մինչև վերջերս սովորում էին, որ հանկարծ վերաքննություն չհանձնեն, երկտարեցի չդառնան:

«Հիմա, երբ այս փոփոխությունն անում ենք, մեծանում է ռիսկը, և այն աշակերտները, ովքեր ջանք էին գործադրում, որ գոնե 4 կամ 5 ստանային, որպեսզի չմնային նույն դասարանում՝ ռիսկ կա, որ այս աշակերտները կարող են ասել՝ մեկ է, 4-ն էլ է նույնը, 3-ն էլ, 2-ն էլ, ինչի՞ս է պետք՝ 4-ի համար ջանք թափեմ, 2 դրեք ինձ: Եվ այստեղ, եթե աշակերտների շրջանում աշխատի տրամաբանությունը, ուսուցչի գործն ավելի կբարդանա, որովհետև չսովորող կամ ջանք չթափող աշակերտների թիվը կմեծանա, ու ավելի դժվար կլինի դասարանի կառավարումը, ուսուցման գործընթացը»,- ընդգծեց կրթության փորձագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս