Բաժիններ՝

Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է 6 անգամ, երկրորդ երեխայինը՝ 2 անգամ. Տիգրան Ավինյան

Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է 6 անգամ, երկրորդ երեխայինը՝ 2 անգամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է։ Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020թ․-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։

Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած․

Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից ➡️ 300 հազար դրամ։
Երկու անգամ բարձրացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից ➡️️ 300 հազար դրամ։

Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։

Զգալիորեն բարձրանում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամենամսյա նպաստի չափը․

Քաղաքաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից`26․500 դրամ:

Գյուղաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից`26.500 դրամ:

Գյուղաբնակ աշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 18․000 դրամից`53․000 դրամ:

Գյուղաբնակ չաշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 0 դրամից (նախկինում աջակցություն չէին ստանում)`26․500 դրամ։

Կատարվել են նաև մի քանի այլ փոփոխություններ։

Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի` ՀՀ-ում գտնվելու պահանջը: Այսինքն ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստի վճարումը չի դադարեցվի:

Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի գրանցումն իրականացնելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար:

Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար և այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում:

Հաջորդիվ կանդրադառնամ նաև երեխա ունեցող ընտանիքիների բնակարանային ապահովմանը վերաբերող նոր ծրագրերին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս