Որտե՞ղ և ինչպիսի՞ դիմակներ կրել հանրային վայրերում․ որքանո՞վ են ՀՀ պարետի որոշումները համահունչ ԱՀԿ ուղեցույցին
ՀՀ Պարետի որոշումը՝ դիմակներ կրել ամենուր՝ և բացօթյա, և փակ տարածքներում և գրեթե բոլոր իրավիճակներում, ոչ միանշանակ է ընդունվում հայաստանյան հասարակության տարբեր շերտերի կողմից։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ մասնագիտական և հասարակական որոշակի խմբեր բողոքում և անմիտ են համարում բժշկական եռաշերտ դիմակն ամենուր կրելու անհրաժեշտությունը։ Պարետը նման պահանջ է սահմանել նաև հեռուստաընկերությունների տաղավարներում աշխատող լրատվական խմբի բոլոր աշխատողների, այդ թվում՝ հեռուստամեկնաբանների և լրագրողների համար եթերում, ինչը ոչ բոլոր լրատվամիջոցներն են ողջունում, քանի որ դա անտրամաբանական են համարում, երբ եթերում ամենաքիչը 2 մետր սոցիալական հեռավորություն է պահպանվում։ Դիմակ կրելու պահանջն ավտոմեքենայում միևնույն ընտանիքի բոլոր անդամների կողմից ևս անհասկանալի է։ Եվ նման օրինակները չափազանց շատ են։
Հաշվի առնելով Հայաստանում դիմակ կրելու հարցի վերաբերյալ ամիսներ շարունակվող հակասական որոշումները և հանրային դժգոհությունները, ներկայացնում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոնները դիմակ կրելու անհրաժեշտության և պահանջի վերաբերյալ։ ԱՀԿ-ն հունիսի 7-ին թարմացված իր ուղեցույցում սահմանում է, որ դիմակը պետք է օգտագործվի՝ որպես վիրուսի դեմ պայքարելու համապարփակ ռազմավարության մի բաղադրիչ, որը կօգնի սահմանափակել վիրուսի տարածումը և փրկել կյանքեր, սակայն միայն դիմակի օգտագործումը չի կարող ապահովել կորոնավիրուսից պաշտպանվելու համարժեք մակարդակ, քանի որ պետք է պահպանվի ամենաքիչը մեկ մետր սոցիալական հեռավորություն, հաճախակի լվացվեն ձեռքերը, պետք է խուսափել դիպչել դեմքին ու դիմակին։ Այսինքն՝ դիմակի կիրառումը պետք է համադրել համաճարակային այլ կանոնների խստագույն պահպանման հետ։
«Արդյո՞ք խորհուրդ է տրվում օգտագործել ոչ բժշկական, կտորե դիմակներ հանրային վայրերում» հարցին ԱՀԿ-ն պատասխանում է, որ մարդիկ պետք է միշտ խորհրդակցեն տեղական իշխանությունների հետ, ուստի, եթե կա համայնքային տարածվածություն և, հատկապես այն դեպքերում, երբ ֆիզիկական հեռավորությունը պահպանել հնարավոր չէ, կառավարությունները պետք է կոչ անեն հասարակությանը կրել գործարանային դիմակներ։
Երկրներին, որոնք դիմակների օգտագործում են սահմանում հանրային վայրերում, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս որոշում կայացնողներին ռիսկերի վրա հիմնված մոտեցում որդեգրել որոշելու համար, թե որտեղ, երբ և ինչպիսի դիմակներ պետք է օգտագործվեն։
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝ դիմակ կրելու նպատակը, տարածման ռիսկերը, դիմակ կրողների կամ հասարակության խոցելիությունը։
Օրինակ, վերջին բաղադրիչի վերաբերյալ ԱՀԿ-ն սահմանում է, որ բժշկական դիմակներ պետք է կրեն քրոնիկ հիվանդություններ ունեցող և 60-ն անց անձինք։ ԱՀԿ-ն կարծում է, որ իշխանությունները պետք է հաշվի առնեն այն վայրերը, որտեղ մարդիկ խիտ են բնակեցված, և վայրերը, որտեղ մարդիկ պարզապես չեն կարող պահպանել անհրաժեշտ անվտանգ հեռավորություն, ինչպես մարդաշատ ավտոբուսներում և տրանսպորտում։ Չպետք է անուշադրության մատնել նաև այս միջոցառումների հասանելիության հանգամանքը՝ դիմակների գինը, մաքուր ջրի անխափանությունը, որպեսզի լվացվեն կտորե դիմակները, և դիմակ կրողի կարողությունը՝ հանդուրժել դիմակ կրելու անբարենպաստ հետևանքները։
ԱՀԿ-ն կարևորում է նաև իշխանությունների կողմից դիմակի տեսակի դիտարկումը։ Բժշկական դիմակները, ըստ այս կազմակերպության, պետք է առավելապես կրեն առողջապահական ոլորտի աշխատակիցները, ախտանշաններ ունեցող անձինք ու նրանց խնամողները։ Բացի դրանից, ԱՀԿ-ն գրում է, որ դիմակի կրումը հանրային վայրերում պակասեցնում է ասիմպտոմ և նախասիմպտոմային փուլում գտնվող անձանց կողմից վարակի տարածումը։
Սակայն, ըստ ԱՀԿ-ի, կան ռիսկեր, որոնք ևս պետք է հաշվի առնվեն՝
- Ոչ բժշկական կամ կտորե դիմակը կարող է մեծացնել կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունը, եթե դիմակն աղտոտված է կեղտոտ ձեռքերով, հաճախակի շփումով, կամ պահվել է դեմքի կամ գլխի այլ հատվածներում, ապա կրկին տեղադրվել բերանին ու քթին,
- Դիմակի տեսակից կախված, կարող են առաջանալ շնչառական դժվարություններ,
- Դրանք կարող են հանգեցնել դեմքի մաշկային խնդիրների,
- Դրանք կարող են պարզորոշ շփման բարդություններ հարուցել,
- Դրանց կրումը կարող է անհարմար լինել,
- Հնարավոր է, որ դիմակի օգտագործումը՝ անորոշ օգուտներով, կարող է ստեղծել կեղծ անվտանգության զգացողություն կրողի մոտ՝ հանգեցնելով ճանաչված շահավետ կանխարգելիչ միջոցառումների, ինչպիսիք են ֆիզիկական հեռավորությունը և ձեռքի հիգիենան, պրակտիկայի ոչ պատշաճ պահպանման:
ԱՀԿ-ն հստակ չափորոշիչներ է սահմանել, թե հասարակության որ խմբերը պետք է անհրաժեշտաբար կրեն բժշկական դիմակ։ Ուստի նման դիմակներ պետք է կրեն առողջապահական ոլորտի աշխատակիցները, կորոնավիրուսակիրները կամ նրանք, ովքեր կասկածի գոտում են, այն անձինք, ովքեր խնամում են կորոնավիրուսով վարակված անձանց, 60-ն անց անձինք, կամ անձինք, ովքեր ունեն շաքարային դիաբետ, արյան բարձր ճնշում, սրտանոթային խնդիրներ, թոքերի հիվանդություն կամ քաղցկեղ։ Կազմակերպության համաձայն, այս խմբերը պետք է դիմակ կրեն, քանի որ բարձր ռիսկի գոտում են գտնվում, կարող են վարակվել հիվանդությամբ, ինչն էլ հանգեցնի մահվան։
Արդյո՞ք ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կտորե դիմակների համատարած օգտագործում
Կազմակերպության համաձայն, ներկայումս ամենուր դիմակների համատարած օգտագործումն աջակցության չի արժանանում վստահելի գիտական ապացույցներով, և կան հավանական առավելություններ և վնասներ, որոնք պետք է հաշվի առնվեն: Կան վայրեր, որտեղ, ըստ ԱՀԿ-ի, հնարավոր չէ պահպանել ֆիզիկական հեռավորություն, ուստի դիմակի կրումը կարող է սահմանափակել վիրուսի տարածումը։ Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս իշխանություններին, որպեսզի նրանք կոչ անեն կրել ոչ բժշկական-կտորե դիմակներ, որոնք կարող են դառնալ պատնեշ՝ թույլ չտալով վիրուսի տարածում վարակակրից այլոց, որտեղ կան շատ COVID-19-ի դեպքեր, այն մարդկանց դեպքում հանրային վայրերում, որտեղ ամենաքիչը մեկ մետր ֆիզիկական հեռավորություն պահպանելը հնարավոր չէ, ինչպես հանրային տրանսպորտում, խանութներում կամ այլ մարդաշատ միջավայրերում։
ԱՀԿ-ի ուղեցույցից պարզ է դառնում, որ կտորե դիմակներ կարող են օգտագործվել հանրային այնպիսի վայրերում, որտեղ հնարավոր չէ պաշտպանվել վիրուսի տարածումից հեռավորության միջոցով, իսկ բժշկական դիմակների կրում ԱՀԿ-ն սահմանում է միմիայն որոշակի մասնագետների և խոցելի խմբերի դեպքում։
Հիշեցնենք, որ ՀՀ Պարետի որոշմամբ՝ բոլոր հանրային բաց և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս: Իսկ ՀՀ Առողջապահության նախարարը նշում է, որ պետք է կրել բժշկական եռաշերտ դիմակներ, քանի որ կտորե դիմակները չեն ապահովում անհրաժեշտ պաշտպանություն։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը