![](/banners/BeFunky-design.jpg)
«Բուժաշխատողը հավերժ աշխատող մեքենա չէ, ԱՆ-ն պարտավոր էր ստեղծել բուժաշխատողների բանակ, որոնք կփոխարինեին իրար». բժիշկ
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/Gevorg-Grigoryan.jpg)
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել էր, որ բացի արդեն հայտնի դարձած՝ տատիկի կորած դիակի դեպքից, ևս մի տարօրինակ դեպքի մասին ահազանգ է ստացել, սակայն դեռ չի ցանկանում հրապարակել քաղաքացու ներկայացրած պատմության ձայնագրությունը, քանի որ չունի դրա թույլտվությունը: Պատգամավորը, սակայն, որոշ մանրամասներ պատմեց:
«Մեկ այլ դեպքում մորաքրոջն են տարել հուղարկավորել, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է, ասել է՝ «էս մի հատ չեք զանգո՞ւմ, հետաքրքրվեք՝ ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»,- լրագրողին պատմել է Նաիրա Զոհրաբյանը:
168.am-ը «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե լսե՞լ են այս և նախորդ դեպքի մասին, և ունե՞ն արդյոք նման այլ դեպքերի մասին տեղեկատվություն: Գրիգորյանը պատասխանեց, որ նման դեպքի մասին իրենք չեն լսել, սակայն ունեն մի շարք այլ փաստեր, որոնք պատրաստվում են հրապարակել արտակարգ դրության ավարտից հետո:
«Ես 11 տարվա վիրաբուժական ստաժ ունեցող և մինչև հիմա հիվանդանոցում աշխատող վիրաբույժ եմ, երբևիցե չեմ լսել մի դեպքի մասին, որ մարդու դի կորի, կենդանի մարդու հուղարկավորություն կազմակերպեն: Եթե նայում ենք բժշկական, մարդասիրական տեսանկյունից, դա անթույլատրելի է, եթե նայում ենք կազմակերպչական տեսանկյունից, դա հերթական հանցավոր անգործությունն է: Այսինքն՝ մարդիկ, որոնք ստանում են x աշխատավարձ, կատարում են x պարտականություն, կոմպետենտ չեն իրենց աշխատանքը կատարելու հարցում: Ի՞նչ է նշանակում՝ սխալմունք, թերացում: Եթե մարդիկ պատասխանատվություն են ստանձնել կատարել աշխատանք, ապա պետք է այդ պատասխանատվությունը պահպանել, եթե չեն կարողանում կատարել, պետք է կանգնեն օրենքի առաջ ու պատասխանատվություն ստանձնեն իրենց արածի համար: Մարդկանց ճակատագրերը, կյանքը, առողջությունը մեքենայի արհեստանոց չէ, որ ինչ-որ մաս փչացավ՝ նոր մաս բերենք դնենք»,- ասաց Գրիգորյանը:
Բժիշկը նշեց, որ նման դեպքերը ոչ թե պետք է հազվադեպ լինեն, այլ առհասարակ պետք է չլինեն:
«Նորմալ երկրներում՝ նորմալ համակարգով, նորմալ թղթաբանությամբ, նորմալ ղեկավարության պարագայում, այդպիսի դեպքեր առհասարակ չպետք է լինեն: Ի՞նչ է նշանակում՝ մարդուն հուղարկավորում են, հետո ինքը զանգում ասում է՝ ինչի՞ չեք զանգում, հետաքրքրվեք՝ ես ոնց եմ: Ոնց որ ուրիշ մարդ տանեն վիրահատեն, շատ տարօրինակ բան է, ոնց որ մտնեն հիվանդանոց ինչ-որ մարդու տեսակցության, տեսակցողին տանեն վիրահատելու: Էլ չեմ ասում, որ այստեղ կյանքի մասին է խոսքը: Մենք ունենք շատ մեծաքանակ փաստեր, վերլուծություններ, ունենք բավարար ծավալի ինֆորմացիա, որոնք կհրապարակենք արտակարգ դրության ավարտից հետո»:
Նախորդ ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ունենք դեպքեր, երբ բուժօգնության ուշացման պատճառով կորոնավիրուսից մարդ է մահացել: Նման փաստերի տիրապետում է նաև փաստահավաք խումբը:
«Դա վարչապետի և Առողջապահության նախարարի հանցավոր ինքնավստահության և անթույլատրելի բառադիության արդյունքն է, որը մեզ մոտ սկզբում ձևավորեց՝ տնտեսական, հետո՝ առողջապահական, հետո՝ սոցիալական, հիմա էլ՝ քաղաքական ճգնաժամ: Ինչքան շուտ գիտակցեն, որ հանցավոր անգործության և ինքնավստահության պատճառով մարդկանց կյանքերի վրա խաչ են քաշում, այդքան ավելի շուտ կհաղթահարենք կորոնավիրուսը: Բայց ինչպես տեսնում ենք, թե՛ Առողջապահության նախարարը, թե՛ վարչապետը, իրենց բուն պարտականությունները թողած, երկիրը ճգնաժամից հանելու գործունեությունը թողած, քաղաքական հարցեր են պարզաբանում, ստատուսներ են գրում: Ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս են իրենք հանգիստ քնում գիշերները»,- ասաց բժիշկը:
Պարբերաբար լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ բուժաշխատողները, կամավորներն անուշադրության են մատնում հիվանդներին: Գևորգ Գրիգորյանը վստահ է, որ նման բան չի կարող լինել:
«Բուժաշխատողներն օրուգիշեր աշխատել են կոպեկներով, աշխատել են՝ իրենց առողջությունը հարվածի տակ դնելով և մաքսիմալ իրենց կարողությունների սահմանում: Եթե նույնիսկ ինչ-որ բանում թերացել են, բուժաշխատողը հավերժ աշխատող մեքենա չէ, դրա համար ԱՆ-ն պարտավոր էր ստեղծել բուժաշխատողների բանակ, որոնք կփոխարինեին իրար, ոչ թե մի բուժաշխատողին երեք ամսով փակեին մի հիվանդանոցում: Նա մարդ է՝ մսից և արյունից, և նա էլ կարող է հոգնել և, այո, իր գործում թերանալ: Իսկ այդ աշխատանքների կազմակերպումը, որ բուժաշխատողը աշխատի 8 ժամ, կամ հերթապահի 24 ժամ և հետո կարողանա իր պարտականությունները հանձնել կոլեգային, ընկած էր իշխանության վրա՝ մասնավորապես ԱՆ-ի, որի աշխատակիցները ստանում են հսկայական աշխատավարձեր, թող իրենց աշխատավարձն աշխատեն, ոչ թե ուղղակիորեն ստանան, չեն կարողանո՞ւմ, ուրեմն այդ կաբինետներն իրենց տեղը չեն»,- եզրափակեց Գևորգ Գրիգորյանը: