Բաժիններ՝

82-ամյա տատիկի դին հայտնաբերվել է

Հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր այն մասին, որ չեն կարողանում գտնել գյումրեցի Մարիամ Մալխասյանի 82-ամյա տատիկի դին, ով հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։

«Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է՝ Մարիամի եղբայրն անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին»,- գրել էր Նաիրա Զոհրաբյանը:

Այս դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը և հայտնել. «Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն»:

168.amկապ էր հաստատել Մարիամ Մալխասյանի հետ (նրա հետ զրուցել էինք ժամը 15։00-ին), որը հայտնել էր, որ մինչ այդ պահը նորություն չունեն, իսկ հարցին՝ արդյոք նախարարությունից փորձե՞լ են կապ հաստատել իրենց հետ, նա պատասխանել էր. «Այսօր առավոտյան մենք ենք իրենց հետ կապ հաստատել, իրենց մոտ նոր ճշտումներ էին կատարվում, թե որ բրիգադայով է տեղափոխվել մեր տատը, այնինչ մենք այդ տեղեկությանն արդեն երեկ չէ առաջին օրն էինք տիրապետում»:

Նա հավելել էր նաև, որ մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել դիահերձարանից. «Ոչ մի պատասխան, ոչ մի փաստաթուղթ չկա, ում են տվել, ով է բերել, ուր են տարել, և այլն»:

Տեղեկացնենք, որ 82-ամյա տատիկի դին հայտնաբերվել է: Քիչ առաջ Աբովյան քաղաքի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ից, որտեղ հավաքվել էին տատիկի հարազատները, դուրս բերեցին վերջինիս դիակը: Նշենք, որ շենքային անմխիթար պայմաններում գտնվող դիսպանսերի աշխատակիցը փորձել է խոչընդոտել լրատվամիջոցի աշխատանքը. նախ լրատվամիջոցի ներկայացուցիչներին խնդրել են պահել հեռախոսները, այնուհետև՝ ցույց տալ բեյջերը, ինչից հետո հայտարարել է, որ վերջիններս չեն կարող նկարահանում իրականացնել և դիակը դուրս կբերվի շենքից միայն լրատվամիջոցի հեռանալուց հետո: 168.am-ը, այնուամեայնիվ, շարունակել է մասնագիտական գործունեությունը և հեռվից իրականացրել է նկարահանումը: 168.am-ի հաղորդմամբ՝ 82-ամյա տատիկի հարազատներին տրամադրվել է արտահագուստ, ինչից հետո նրանք մտել են շենք և դուրս են բերել տատիկի դին:

Տեսանյութը՝ առաջիկայում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս