«Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել շանտաժի լեզվով». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը չցանկացավ գնահատականներ տալ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների գործունեությանը՝ համավարակի դեմ պայքարում։ Գնահատականներ չի տալիս, քանի որ, ըստ նրա՝ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր ռազմավարությունը։
Անդրադառնալով ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի նախաձեռնությանը՝ քննիչ հանձնաժողով ստեղծելուն, որը պետք է ուսումնասիրի համավարակի դեմ տարվող աշխատանքի արդյունավետությունը, Արթուր Ղազինյանը հիշեցրեց. «Կա այսպիսի մի հայտնի արտահայտություն, որ, եթե ուզում են ինչ-որ գործ թաղել՝ պետք է հանձնաժողով ստեղծել։
Այսինքն՝ հանձնաժողովը 1-2 տարի նիստեր կգումարի, կխոսեն, մինչդեռ այս քննիչ հանձնաժողովի ցանկացած ելք, որը չի լինելու քրեական գործի հարուցում, ինձ համար արդեն կհամարվի քաղաքական ակցիա»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արթուր Ղազինյանը։
Արթուր Ղազինյանը նաև անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի կանխի Հայաստանում հակառուսական տրամադրությունները, ընդգծեց, որ չի կարծում, որ Հայաստանում եղել է, կա կամ կլինի, այսպես ասած, կամիկաձե իշխանություն՝ ինքնասպանության գնացող իշխանություն, որը կմտածի երկրում հակառուսական տրամադրություններ գեներացնելու մասին։
«Իհարկե, փորձեր արվում են, շանտաժի, սպառնալիքների լեզվով խոսել Ռուսաստանի հետ, ընդհուպ՝ եթեր տալ ՌԴ-ի իշխանությունների համար մերժված ընդդիմադիր գործչի։ Կարծում եմ՝ այս ամենը կրում է զուտ Փաշինյանի լրագրողական փորձառությունից բխող գործողություն, թե կտա վատ տեղեկատվություն, որի արդյունքում թող գան իրեն խնդրեն, որպեսզի այլևս նման բան չտա։ Սա շանտաժ է, լրագրողական շանտաժ։ Բնականաբար, Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել շանտաժի լեզվով։ Հայաստանի համար ՌԴ-ն ներկայացնում է կենսական նշանակություն ունեցող պետություն»,- եզրափակեց խոսքը «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը։