Առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք. Հայաստանը բավական լավ պայքարել է կորոնավիրուսի դեմ. Արսեն Թորոսյան
Հայաստանում շարունակում են արձանագրվել կորոնավիրուսային վարակի հարյուրավոր նոր դեպքեր, բայց առողջապահության նախարարի խոսքով՝ նախարարությունը վարակի տարածումն ինչ-որ չափով զսպում է:
«Երբ որ ցանկալին կֆիքսենք, կարող ենք նաև այդ հարցի շուրջ խոսել: Առնվազն ՀՀ-ում բոլոր կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը մեզնից շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել, և էդ առումով կառավարության ջանքերն ավելի քան ողջամիտ և տեղին են և շարունակում են լինել»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության քայլերը ցանկալի արդյունքին չեն հասնում:
Արսեն Թորոսյանն էլ հակադարձելով՝ ասաց, թե դա կախված է ոչ միայն կառավարության քայլերից, այլև մեր բոլորի վարքագծից:
«Բայց նաև հավելելով կարող եմ ասել, որ մենք առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք: Բոլոր կանխատեսումներով հիմա, օրինակ, մենք պետք է ունենայինք 30.000-ից ավելի դեպք, բայց ունենք 27.000: Այսինքն մենք ինչ-որ չափով միևնույն է կարողանում ենք զսպել տարածումը, և կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Լրագրողի հարցին, թե ո՞վ պետք է հիվանդ քաղաքացիներին օգնության հասնի, այն դեպքում, երբ մարդիկ դժգոհում են, որ կարող են շնչահեղձ լինել, բայց մարդկանց չեն տեղափոխում բժշկական կենտրոններ՝ մինչև թեստի պատասխանը չի լինում, Թորոսյանը պատասխանեց.
«Հիվանդներին պետք է օգնության հասնի առողջապահական համակարգը, և աստիճանաբար ավելի մեծ հզորություններ ներգրավելով՝ ավելի շատ մարդկանց են հասնում օգնության: Եվ մենք միշտ պետք ա հիշենք, որ հիմա գտնվում ենք համաճարակի մեջ, որը կրկնակի, եռակի ավել բեռ է առողջապահական համակարգին և ցանկացած առողջապահական համակարգի վրա»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ պատրաստ է պատասխանել ԱԺ-ում ստեղծվող՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը քննող քննիչ հանձնաժողովի հարցերին:
«Իմ քաղաքական գնահատականն է, որ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով և իրավիճակով բավական լավ պայքարել ա այս համաշխարհային մարտահրավերի դեմ»,- ասաց Առողջապահության նախարարը:
Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձավ նաև այս օրերին քննարկվող Գյումրիի դեպքին, երբ կորոնավիրուսով վարակված տատիկի դին հուղարկավորել էին այլ մարզում, ու ասաց, թե տեղի էր ունեցել շփոթմունք՝ ինչպես ճանաչման, այնպես էլ՝ դիերի տեղափոխման պրոցեսում, ինչն ուղղվել է:
Համավարակի օրերին առողջապահության նախարարն աչքի է ընկնում քաղաքական ուժերի վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառումների ակտիվությամբ: Շատերին է զարմացնում այն հանգամանքը, թե առողջապահության նախարարը, այն էլ՝ համավարակի պայմաններում, արդյո՞ք ունի ժամանակ նման գործունեություն ծավալելու համար:
«Ես ունեմ ժամանակ հետևելու բոլոր քաղաքական գործիչների գործունեությանը և գնահատական տալու: Եվ միշտ ունենալու եմ:
Չեմ կարծում, որ հանրությունն ունի վրդովմունք: Առողջապահության նախարարը քաղաքական գործիչ է և միշտ անելու է քաղաքական հայտարարություն»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում