ԱՄՆ-ը փոխում է իր քաղաքականությունն Արցախյան գործընթացում․ ինչու էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը զանգահարել Մնացականյանին
Վերջին շրջանի բուռն ներքաղաքական զարգացումները ստվերում են ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցող փոքր թվացող, բայց էական նորությունները։ Դրանցից մեկն էր հունիսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ, որի ընթացքում, ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության և համագործակցության կարևորությունը։
«Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Կարևորվեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության և Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակներում՝ ինչպես հեռավար, այնպես էլ՝ համավարակից հետո անմիջական ձևաչափով շփումների շարունակումը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- նշում է ՀՀ ԱԳՆ-ն։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ, որը ներառում է կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, իրավապահ ոլորտները: «Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր:
Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Հեռախոսազանգից ժամեր անց կայացել էր նախարար Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, իսկ հաջորդ օրը՝ համանախագահների մասնակցությամբ տեսակոնֆերանսն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի զանգը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հենց այդ օրը պատահական չի համարում։
168․am-ի հետ զրույցում Սարգսյանն ասաց, որ զրույցի ընթացքում Մնացականյանն ու Ռիքերը քննարկել են՝ ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որից ժամեր անց եղել է տեսակապ Մինսկի խմբի համանախագահների հետ, հետո՝ ՄԽ համանախագահների և Մամեդյարովի հետ։
«Ես կարևորում եմ այս հեռախոսազանգն այնքանով, որ նման հեռախոսազանգ չի ստացել արբեջանական կողմը։ Բարդ է ասել, թե նպատակը որն է եղել այդ զանգի, որովհետև տարբեր հարցեր են քննարկվել, և քննարկման միակ թեման չի եղել Արցախի խնդիրը։ Հարցերը տարբեր են եղել։ Զգացվում է, որ ԱՄՆ-ը որոշակիորեն այս գործընթացում, ի տարբերություն վերջին երկու տարիների, կարծես թե փորձում են մի փոքր ավելի ակտիվ լինել։ Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները վերջին երկու տարիների ընթացքում կամ Թրամփի ընտրվելուց հետո այդքան էլ ակտիվ չեն եղել արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններով, այդ թվում՝ հայկական և Մինսկի խմբի ուղղությամբ, կրճատվեց հատուկ դեսպանի կարգավիճակը, բացի այս խնդրից, գործող դեսպանն այլ խնդիրներով է զբաղվում Պետդեպարտամենտում։ Սա արտաքին քաղաքական առաջնահերթություն չէր Վաշինգտոնի համար, և վերջերս որոշակի ակտիվություն է նկատվում։ Պատճառը պարզ է՝ ԱՄՆ-ում հասկացել են, որ որքան նրանք պասիվ են գտնվում, այնքան ակտիվանում է ռուսական միջնորդությունը, կարծում եմ, որ ցանկանում են այս գործընթացից անմասն չմնալ՝ փորձելով առավել ակտիվություն ցուցաբերել»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսների բովանդակությանը՝ միջազգայնագետն այն կարծիքին է, որ սա ընթացիկ գործընթաց է, որն անընդհատ կերպով շարունակելու կարիք կա, կողմերը պետք է մշտապես կապի մեջ լինեն, նոր գաղափարներ, մտքեր քննարկեն։
«Բայց որևէ լուրջ ակնկալիք չունեմ, որ սրանց արդյունքում ինչ–որ փոփոխություններ կլինեն, և կարծում եմ, որ առանձնապես ակնկալիք պետք չէ ունենալ ոչ օնլայն շփումներից, ոչ էլ հանդիպումների ժամանակ, այնպես որ, առանձնապես սպասելիքներ չունեմ, որ այս հանդիպումներն էական փոփոխությունների կբերեն»,- ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի փուլային կարգավորման մասին հայտարարությանն ու հարցին, թե արդյո՞ք ներկայիս շփումներում այդ առաջարկները քննարկվում են, Սուրեն Սարգսյանն ասաց, որ ցանկացած դեպքում, երբ լինում են առաջարկներ և դրվում են սեղանին, այդ առաջարկները քննարկվում են։
«Այլ հարց է, որ այդ առաջարկները կողմերից մեկի համար ընդունելի լինում են, թե չեն լինում, որքան կյանք են ունենում, երբ են դուրս գալիս քննարկման օրակարգից կամ հակառակը։ Կարծում եմ, որ ցանկացած ողջախոհ հանդիպում, որը կարող է ,ներկայացվել կողմերին, քննարկվում է և ինչ-որ փուլում մերժվում է, ինչ-որ փուլում ընդունվում է, և շարժվում են առաջ»,- ասաց նա՝ շարունակելով, որ Լավրովը խոսում էր այն մասին, թե ինչ է արդեն տեղի ունենում, ոչ թե խոսում էր այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա։
Այսինքն, ըստ Սարգսյանի, այդ առաջարկները քննարկվում են, բայց պարզ չէ՝ երբ կընդունվեն կամ կմերժվեն։