«Գալիս են տեսակցության, աղբը տանք ձեռքները, ասենք՝ թափի՞». բնակիչները՝ շենքի աղբամուղը փակելու մասին

Մայրաքաղաք Երևանում բնակիչների դիմումների հիման վրա այս տարի վերսկսվել է բազմաբնակարան շենքերի աղբամուղների զոդման աշխատանքները: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հունիսի 29-ին հրապարակվեց մի քանի վարչական շրջաններում նման աշխատանքներ կատարված շենքերի ընդհանուր թիվը: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում մասնավորապես նշվել է, որ մինչև հունիսի 29-ը 163 աղբամուղ է փակվել։

«Գործընթացի մեկնարկից մինչ օրս Աջափնյակում՝ 90, Դավթաշենում՝ 33, Մալաթիա-Սեբաստիայում՝ 24, և Նոր Նորքում՝ 16 աղբամուղ է փակվել: Շատ շուտով բազմաբնակարան շենքերի մոտ նաև աղբի տեսակավորման համար նախատեսված տարագույն աղբարկղեր կավելանան»:

Նշենք, որ նույն հրապարակման մեջ նաև նշվում է, թե շենքի բնակիչների քանի տոկոսի համաձայնությունն է պետք, որպեսզի աղբամուղը փակվի.

«Ըստ օրենքի՝ պետք է ունենանք բնակիչների երկու երրորդի համաձայնությունը: Այսինքն, եթե 60 բնակչից գոնե 40-42 հոգի ստորագրեն, իրականանում է ծրագիրը»:

Աղբամուղների զոդման աշխատանքներ են կատարվել նաև Կենտրոն վարչական շրջանում, սակայն դրանք քաղաքապետարանի հրապարակած ցանկում չկան, քանի որ, ինչպես փոխանցեցին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, դրանց վերջնական աշխատանքները դեռ չեն ավարտվել:

168.am-ը զրուցել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչներից մի քանիսի հետ, որոնց շենքում օրեր առաջ են փակվել աղբամուղները: Կարծիքները տարբեր են, եթե ներքևի հարկերում բնակվողները գոհ են, ապա վերևի հարկի բնակիչների մոտ պատկերը լրիվ այլ է, հատկապես, երբ բնակարանում միայն տարեցներ են ապրում:

«Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, մեծ կին եմ, ամուսինս էլ ինֆարկտ տարած մարդ է, ո՞ւմ խնդրենք: Գալիս են տեսակցության, աղբը տանք ձեռքները, ասենք՝ թափի՞: Եթե առնետներ կան, թող դրանց դեմն առնեն, ոչ թե հիվանդ մարդկանց դեմն առնեն: Ստորագրահավաք եղել է ժամանակին, սակայն լավ չի մեկնաբանվել, որը՝ իմանալով, որը՝ ոչ, մի մասը ստորագրել է, բայց ով էլ ստորագրել է՝ հիմա փոշմանել է: Դա շենքի պրոյեկտով կառուցված բան է, իրավունք ունե՞ն խախտելու: Վերելակը շատ հին է, պատահում է, որ օրերով չի աշխատում, ասում են՝ շաբաթ-կիրակի է մեջտեղը, մինչև երկուշաբթի գան, սարքեն, բա այս շոգին աղբը որտե՞ղ դնենք, արդեն մեր խոհանոցում մրջյուններ են հայտնվել: Ամռանը գարշահոտություն երբեմն պատահում էր, երբ գալիս էին աղբը տանելու, 5 րոպե էր, մենք դրան դիմանում ենք ավելի լավ, քան թե՝ այս հիվանդ մարդն աղբը վերցնի-տանի, ես էլ սպասեմ՝ կգա՞ հետ, թե՞ կբերեն: Չի կարելի, պետք է մարդկանց կարծիքը, հիվանդ վիճակը հաշվի առնեն»,- ասաց Սարյան 29 շենքի բնակիչը:

Նույն շենքի բնակիչներից մեկի խոսքով էլ, աղբամուղների փակելը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր. «Մոտ 2 շաբաթ կլինի, որ աղբամուղները փակել են: Մի կողմից այն այդքան էլ հարմար չէ, հատկապես այն մարդկանց համար, որոնք այս օրերին շատ քիչ են տանից դուրս գալիս, իսկ հիմա որքան քիչ դուրս գանք, այնքան լավ. Ներքևում այդքան էլ լավ չեն մաքրում աղբը, աղբարկղեր չկան, և մի քանի անգամ անձամբ եմ առնետ տեսել: Լավն այն է, որ գուցե առնետները ներս չկարողանան մտնել»:

Նրա խոսքով՝ իր համար որևէ խնդիր չկա աղբը ներքևում գցելու հետ կապված, քանի որ ամեն օր աշխատանքի գնալիս հարմար կլինի, սակայն նշեց, որ տարեց մարդկանց համար դա լուրջ խնդիր է. «Եթե վերելակը չի աշխատում, տարեց մարդկանց համար շատ դժվար է իջնել, այնուհետև բարձրանալ 9-րդ, 10-րդ հարկ:

Շենքի ներքևի հարկի բնակիչներից մեկի խոսքով՝ այս որոշումը շատ լավ է, քանի որ գարշահոտը վերացել է. «Նախկինում բողոքել էինք աղբահանության վերաբերյալ, քանի որ հեղափոխությունից հետո աղբահանության հարցը բավականին բարդացել էր, և հենց մեր բողոքով էլ մեքենան մի քանի անգամ եկել է: Նման աղբատարները բավական խնդրահարույց են Հայաստանում, որովհետև պահանջում է անընդհատ մաքրում և հետո աղբատարից օգտվելու կուլտուրան էլ է մի փոքր բացակայում: Շատ հաճախ մարդիկ խոշոր տրամագծով աղբ են նետում, որի հետևանքով աղբատարները խցանվում են: Ես շատ գոհ եմ, քանի որ հոտը վերացել է, նախկինում այստեղ մտնել անհնար էր»:

Բնակիչներից մեկի խոսքով էլ, խնդիր է նաև, որ շենքում վարձով մնացողներ կան. «Վարձակալը ժամանակավոր գալիս է՝ 20 օրով, կյանքում աղբը չի իջեցնի, թողնելու են այստեղ՝ միջանցքում»:

Բնակիչներից ևս մեկն իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով վերելակի հաճախակի խափանման փաստը. «Շատ վատ է, որ զոդել են, լինելով մեծահասակ՝ չենք կարող աղբը տանել ներքևում գցել, և դրան գումարած, որ վերելակը հաճախ փչանում է, դրա համար ես շատ դեմ եմ, ափսոս, չեմ իմացել, որ իմանայի, չէի թողնի: Եկան ստորագրություն հավաքելու, մենք չտվեցինք, ասացինք՝ պետք չէ: Վաղը-մյուս օրը տեսնենք, ով որ ստորագրություն էր հավաքում, ոտք ու ձեռքից որ ընկնի, մեծահասակ դառնա, այն ժամանակ ի՞նչ է անելու: Եթե հնարավոր է՝ վերականգնեք»:

Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանում եղանք նաև Պուշկինի 58 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում, որտեղ բնակիչների խոսքով՝ աղբամուղը, 2 տարուց ավելի է՝ փակել են: Այստեղ ևս պատկերը նույնն էր, ներքևի հարկերում ապրող բնակիչները գոհ էին, իսկ վերևի հարկում ապրողները՝ դժգոհ:

 Նարեկ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս