«Իմ տեղեկություններով, չի մտել, չեն թույլատրել». Էդգար Ղազարյանը՝ ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի հետ կապված միջադեպի մասին

Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ այսօր՝ առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում, Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք, սակայն նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։

Ըստ մամուլի հրապարակման՝ Հրանտ Նազարյանը պահանջել է ներկայացնել հիմնավորումներ կամ գրավոր փաստաթղթեր իր օրինական գործողություններին արգելեք հանդիսանալու վերաբերյալ, ինչը ոստիկանները չեն կարողացել ապահովել՝ վկայակոչելով իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից, ով հաստատեց տեղեկությունը, սակայն մանրամասների համար հորդորեց դիմել ոստիկանություն:

168.am-ի հարցին, թե նա խոսե՞լ է ոստիկանների հետ, ի՞նչ հիմնավորում են նրանք ներկայացրել իրենց գործողությունների, ՍԴ աշխատակզմի ղեկավարը պատասխանեց.

«Իրենցից ճշտեք, լա՞վ, որովհետև իրենց գործողություններն են, շենքի պահպանությունն իրենց պատասխանատվության հարցն է, ճիշտ կլինի, որ իրենք պարզաբանեն»:

Հարցրինք նաև, թե, ի վերջո, Հրանտ Նազարյանը մտե՞լ է ՍԴ շենք:

«Իմ տեղեկություններով, չի մտել, չեն թույլատրել»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Թեպետ վերջինս այլ մանրամասներ չասաց, սակայն, մեր տեղեկություններով՝ ոստիկանները Հրանտ Նազարյանին ասել են, որ թույլ կտան շենք մտնի միայն այն ժամանակ, երբ վերջինս հավաքելու կլինի իր իրերը:

Կապ հաստատեցինք նաև ոստիկանության լրատվական ծառայության հետ: Մեր հարցերին, սակայն, խոստացան պատասխանել ավելի ուշ:

Ստացվում է, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ոստիկանությունը նախ խոչընդոտում է գործող դատավորի մուտքը ՍԴ, քանի որ այս պահի դրությամբ առնվազն ՀՀ նախագահը չի ստորագրել օրենքները, սակայն այդ գործողության բացատրությունը չունի կամ առայժմ չունի:

Տեսանյութեր

Լրահոս