COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը 6 միլիոնից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 836 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 519 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 057 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 781 հազար 085 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 130 հազար 813 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 453 հազար 369-ի, մահերինը՝ 60 հազար 713-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 661 հազար 165 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 760 նոր դեպք, ինչը բավական ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 9 հազար 683 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 606 հազար 907-ի, մահերինը՝ 17 հազար 860-ի:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 313 հազար 483 է: Մահացածների թիվը կազմում է 43 հազար 906: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 296 հազար 739 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 363: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 հազար 477-ի, մահերինը՝ 9 հազար 860-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 282 հազար 043 է, մահերինը՝ 5 հազար 763: Իտալիայում առկա է 240 հազար 760 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 788: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 232 հազար 863 է, մահերինը՝ 11 հազար 106:
Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 201 հազար 098 է, մահերինը՝ 5 հազար 150:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 3-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 537, որից ապաքինվել է 78 հազար 487-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 939-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 194 հազար 225 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 97 հազար 897, մահերինը՝ 118: Եգիպտոսում առկա է 69 հազար 814 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 034 մարդ: Իրաքը վարակվածների թվով շրջանցել է ԱՄԷ-ին: Իրաքում հաստատված դեպքերի թիվը կազմում է 51 հազար 524, մահերինը՝ 2 հազար 050: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 49 հազար 069 է, մահացածներինը՝ 316: Հաջորդում է Քուվեյթը, որտեղ վարակվածների թիվը շուրջ 47 հազար է, մահացածներինը հասել է 358-ի: Լիբանանում կա 1796 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 35: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 312-ի: Մահացել է 9 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: