«Կադրային տխուր «քաղաքականություն»»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բոլոր պետությունների համար էլ կադրային քաղաքականությունը եղել է իշխանության գլխավոր ցուցանիշներից մեկը: Սոցիալիստական, լիբերալ, պահպանողական թե այլ բնույթի իշխանությունների համար, առ այսօր արդիական է ստալինյան՝ «կադրերն են որոշում ամեն ինչ» պոստուլատը: Նիկոլի ձևավորած իշխանության համար՝ առավել ևս, կադրերը դարձել են աքիլեսյան գարշապար:
Հայաստանում հաճախ են ասում «մի հարյուր կարգին մարդ լինի, երկիրը կդառնա նորմալ երկիր»: Հարյուր նորմալ կադր (ճանապարհ անցած քաղաքական գործիչ, հմուտ պետական պաշտոնյա, ոլորտում հաջողված փորձառու մասնագետ) գտնելը իհարկե հեշտ գործ չէ: Դրա համար տարիներ են պետք, ինստիտուցիոնալ մոտեցում է պետք, կայուն զարգացում է պետք, և վերջապես արդարացի քաղաքական կառավարում է պետք, որի ընթացքում հնարավոր կլինի իրականացնել կադրերի բնական ընտրություն:
Հայոց համազգային շարժումն ու Լևոն Տեր Պետրոսյանի իշխանությունը առաջ բերեց «պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի» սկզբունքը, որի ակնհայտ ձախողումները երևացին պետական կառավարման առաջին իսկ տարիներին: Բայց հանուն արդարության պետք է ասենք, որ 1990-ականների պետական կարգը, նորանկախ պետականության կայացումը, ազատամարտի կազմակերպումը, պետական ինստիտուտների կայացումը մեծապես տեղի ունեցան սովետական Հայաստանում ձևավորված պետական կառավարման և գիտա-մասնագիտական հսկայական ներուժի շնորհիվ:
Ի՞նչ կադրեր ունի այսօր Փաշինյանի ձևավորած իշխանությունը և ո՞րն է պետական կառավարման նրանց հավաքական միտքը՝ տեսնում ենք ամեն օր: Ինչպիսի՞ քաղաքական ճանապարհ են նրանք անցել, որտե՞ղ է ձևավորվել նրանց աշխարհայացքը, ի՞նչ բարոյական և հոգևոր արժեքների կրող են նրանք, ի՞նչ սկզբունքով են հավաքագրվել իշխանության մեջ, ո՞րն է նրանց ապագայի տեսլականը, ովքե՞ր են նրանք ընտանիքում և շրջապատի համար, և որո՞նք են քաղաքական գործչի ու պետական պաշտոնյայի պատասխանատվությունը սահմանող իրենց հայտանիշները: Այս հարցերն ամբողջությամբ բաց են և մշուշոտ:
Մեր հասարակության մի ստվար հատվածը սկսել է քննադատել թե՛ ԱԺ պատգամավորներից, և թե՛ կառավարության անդամներից ու մարզպետներից շատերին: Իսկ արդյոք իմաստ ու՞նի նրանց քննադատելը կամ նույնիսկ՝ ծաղրելը: Իմ կարծիքով իմաստ չունի, որովհետև նրանք դրանից ավելի լավը չեն դառնալու, ավելի պատասխանատու և հմուտ չեն դառնալու, հետևապես ի զորու չեն լինելու լուծել ահագնացող սոցիալ-տնտեսական և կառավարչական խնդիրները:
Նիկոլի հաճախակի դարձող ջղաձգումների պատճառները հենց այստեղ են: Նա ինքն իրեն դրել է թակարդի մեջ և յուրաքանչյուր անգամ ավելի ու ավելի է սեղմվում այդ թակարդում: Նա նույնիսկ վախենում է փոխել նրանցից որևէ մեկին, քանի դեռ իրենք չեն ցանկանա հեռանալ:
Որովհետև լավ գիտի, որ ցանկացած փոփոխություն ավելի է խորացնելու կառավարման ճգնաժամը:
Սովորաբար նոր կադրերին, ժամանակակից քաղաքական և պետական կառավարման չափանիշներով, ընդամենը վեց ամիս է անհրաժեշտ ոլորտին ամբողջովին տիրապետելու և արդյունավետ կառավարում իրականացնելու համար (եթե իհարկե ունեն գաղափարներ, ծրագրեր, անելիք): Գործող իշխանությունների պարագայում՝ որքան երկարում է ժամանակը, այնքան խորանում են պրոբլեմները, այնքան ակնհայտ են դառնում կոպիտ սխալները, այնքան անկառավարելի են դառնում ձախողումներն ու հետևանքները: Վստահաբար ասում եմ, այսպես շարունակելու դեպքում, նույնիսկ ճգնաժամային կառավարման անցնելը չի փրկելու պետական կառավարումը վերջնական փլուզումից:
Որքան էլ, որ պարադոքսալ հնչի, Փաշինյանը՝ իշխանության պահպանման հարցում պետք է վախենա ոչ թե ընդդիմությունից, այլ հենց իր իսկ ձևավորած իշխանությունից: Վախի կառավարումը, որն այսօր մտել է իշխանական հարաբերությունների դաշտ, շատ արագ ծնելու է ներքին անվստահություն, կաշկանդվածություն, կառավարման պսիխոզ՝ դիլետանտ կադրերի մոտ խորացնելով գոյություն ունեցող թերարժեքության կոմպլեքսները: Իշխանության ներկայացուցչի՝ հետևաբար նաև հավաքական իմաստով իշխանության նկատմամբ տարրական հարգանքի բացակայությունը վերածվում է անկառավարելիության ու «բեսպրեդելի»: Իսկ կադրերի՝ կեղծ կամ սուտ հաշվետու և թափանցիկ լինելը արդեն իսկ բերել է կառավարման քաոսի, որտեղ ոչինչ հստակ չէ, ոչ ոք վստահելի չէ, և ոչինչ կայուն չէ»:
Կադրային տխուր “քաղաքականություն”Բոլոր պետությունների համար էլ կադրային քաղաքականությունը եղել է իշխանության գլխավոր…
Gepostet von Արտակ Զաքարյան Artak Zakaryan am Montag, 29. Juni 2020