«Հաղորդում խայտառակ հանցագործության մասին»․ Ռուբեն Հայրապետյան
Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաղորդում խայտառակ հանցագործության մասին
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր այսօրվա հրամանով (կից նկարում) Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին՝ ղեկավարվելով, ուշադրությո՛ւն, հանրակրթության՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ:
Բուհերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը բացառում է ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարելու հնարավորությունը, դրա փոխարեն պետք է նշանակվի ռեկտորի նոր պաշտոնակատար, որը, ըստ գործող օրենքի, պետք է լինի դոկտոր-պրոֆեսոր:
Պրոռեկտորը, որը հայտնի դարձավ տրամադրածս 2 մաքրագույն արձակուրդի համար ծիծաղելի քրեական գործ նախապատրաստելով, դոկտոր-պրոֆեսոր չէ, սակայն միակ «գերհավատարիմ» մարդն է, ում նշանակմամբ Դ. Գալոյանի պարտադրված ձևական հրաժարականից հետո ԿԳՄՍ-ի հովանավորողները կպահեն իրենց ազդեցությունը բուհի վրա և կշարունակեն հուսալ, որ ապօրինի մրցույթով կարողանալու են անցկացնել իրենց միակ հովանավորյալ թեկնածուին:
Իսկ քանի որ բուհերի օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս, ԿԳՄՍ նախարարը «գտել է հանճարեղ լուծում» և պարզապես ղեկավարվել է դպրոցների մասին կառավարության որոշմամբ: Այդպես լավ չէր. մսուր-մանկապարտեզների մասին որոշմամբ «ղեկավարվեիք»…
Մեծարգո՛ պարոն վարչապետ, իշխանական թիմի հարգելի՛ գործընկերներ, դիմում եմ ձեզ.
մինչև ե՞րբ եք պատրաստվում աչք փակել կրթության պատասխանատուների այս խայտառակ ամենաթողության վրա: Այսպե՞ս էինք պատկերացնում Հայաստանը հեղափոխությունից հետո:
Ինքս վաղուց «թքած ունեմ» որևէ պաշտոնի վրա, հենց այդ պատճառով եմ դեռևս մեկ տարի առաջ սեփական նախաձեռնությամբ հանել դոկտոր-պրոֆեսոր լինելու անհեթեթ պահանջը, որպեսզի ռեկտոր ընտրվի ամենաարժանի թեկնածուն: Սակայն, այս մարդիկ ոչ միայն վերադարձրել են այդ պահանջը, որպեսզի իրենց հովանավորյալը ընտրվելու խնդիր չունենա, այլև հիմա զբաղված են չլսված, երգիծական ապօրինություններով:
Հարգելի՛ իրավապահ մարմիններ, սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին. այս հերթական ապօրինությունը պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներ, որովհետև սա ակնհայտ դիտավորությամբ կատարված գործողություն է, որը վնաս է պատճառում անձանց և պետության օրինական շահերին: «Ռեկտորի պարտականությունները կատարելիս» տվյալ անձի բոլոր որոշումները լինելու են առոչինչ:
Հ.Գ. Իհարկե, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, այս բացահայտումիցս հետո ստիպված փորձելու են փոխել ապօրինի հրամանը և այլ անձի նշանակել, սակայն դրանից դիտավորության և հանցագործության փաստը չի փոխվելու»:
Հաղորդում խայտառակ հանցագործության մասինԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր այսօրվա հրամանով (կից նկարում)…
Gepostet von Ruben Hayrapetyan am Montag, 29. Juni 2020