«Նորմալ քաղաքական գործիչը, օրինակ, հրաժարական կտար, եթե չասեմ, որ գուցե նաև հետաքննության կարիք լիներ». Կարեն Վրթանեսյանը՝ Արսեն Թորոսյանի մասին
«Վերջացրի թվերը համեմատելը և այդպես էլ չհասկացա, թե Թորոսյան Արսենն ինչո՞վ էր հպարտանում… Որ 1 մլն բնակչի հաշվով մահերի թվով աշխարհի Top 20-ո՞ւմ ենք։ Որ աշխարհում մահերի բացարձակ թվով 51-րդ տեղո՞ւմ ենք (այն դեպքում, երբ բնակչության թվով 135-րդն ենք աշխարհում»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակած թվերին՝ Կարեն Վրթանեսյանը տեղեկացրեց, որ համեմատություններն անելիս օգտվել է բաց աղբյուրներից, և ստացած թվերը վկայում են, որ «հպարտանալու» որևէ բան չկա.
«Մասամբ նույնիսկ ինքը՝ Արսեն Թորոսյանն է նշում, որ իրավիճակը լավ չէ, օրինակ՝ վարակվածների թվերը՝ հարաբերական, բայց մահերի վերաբերյալ իր ասածները շատ զարմանալի են. Որևէ հպարտանալու բան այդտեղ չկա: Այդտեղ, ավելի շատ, նորմալ քաղաքական գործիչը, օրինակ, հրաժարական կտար, եթե չասեմ, որ գուցե նաև հետաքննության կարիք լինի, ինչպես հիմա Իտալիայում է. դատախազությունը քննություն է անցկացնում՝ փորձելով հասկանալ՝ ինչու կոլապս եղավ, ինչն են սխալ արել:
Այսինքն՝ այն, որ Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հպարտանում է Հայաստանի մահացության թվերով, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություն է, ու ես դա մի քանի ժամից նաև թվերով ցույց կտամ»:
Հիշեցնենք՝ այս մասին հունիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ՝ իրեն ուղղված քննադատություններին։
Թեև Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, բայց 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ: «Բոլոր արձանագրված դեպքերից մահացության թվով մենք 1,7-1,8 տոկոսին ենք հիմա ձգտում։ Աշխարհում այդ ցուցանիշը 6 -10 տոկոս է։ Մահերի թվով՝ 1 միլիոն բնակչի հաշվով մենք մոտավորապես Գերմանիային հավասար տեղում ենք ենք։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ արձանագրվում են նոր դեպքեր և վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին պատշաճ բուժօգնություն մատուցել։
Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի և մնացած աջակցող գերատեսչությունների ջանքերի շնորհիվ է, որ ունենք մահացության նման ցածր ցուցանիշ»,- մասնավորապես ասել էր նախարարը: