«Շատ վատ են արել՝ ես էլ եմ դիմակս հանում այնտեղ, որտեղ չպետք է հանեմ». «Իմ քայլը» պատգամավոր
Երեկ համացանցում մի լուսանկար էր շրջանառվում, որտեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սրճարանում առանց դիմակի նստած էին։ Լուսանկարից պարզ երևում էր, որ պատգամավորները ոչ ուտում են, ոչ էլ սուրճ խմում, այլ հեռախոսներով ինչ-որ բան են կարդում։ Այսինքն՝ ակհայտորեն խախտում էին պարետի սահմանած կարգը։
Այսօր խորհրդարանում լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանից հետքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Առողջապահության նախարարը հանրությանը կոչ է անում տանից դուրս չգալ, ռեստորան չգնալ, մինչդեռ իշխանական պատգամավորներն առանց դիմակի կարող են նստել սրճարանում։
Տիգրան Ուլիխանյանը նախ բնակչությանը կոչ արեց պահպանել պարետատան սահմանած երեք պարզ կանոնները՝ հաճախակի ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը և կրել դիմակներ՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է պահպանում այդ կանոնները։
«Ես գիտեմ, որ իմ գործընկերները պահպանում են կանոնները, մեկը՝ մի քիչ լավ, մյուսը՝ մի քիչ վատ։ Եթե հրապարակվել են լուսանկարներ, որ մեկն ինչ-որ պահի հանել է դիմակը, ես ասում եմ, որ շատ վատ են արել, որ հանել են։ Ժողովուրդ ջան, ես էլ եմ դիմակը ժամանակ առ ժամանակ հանում՝ մաքուր օդ շնչելու, և այլն։ Այս առումով չպետք է օրինակ վերցնել վատ արարքից, պետք է օրինակ վերցնել լավ արարքից։ Որևէ մեկն իր գործողությունները թող չկապի ուրիշների հետ։ Ով նման բան է արել, շատ վատ է արել, ես էլ եմ դիմակս հանում այնտեղ, որտեղ չպետք է հանեմ»,- շեշտեց նա։
168.am-ի դիտարկմանը՝ իրենք հանում են, բայց չեն տուգանվում, մինչդեռ երբ հասարակ քաղաքացին է հանում՝ տուգանվում է, Տիգրան Ուլիխանյանը նկատեց, որ սխալվել կարող են բոլորը, սակայն այդ սխալը չպետք է դառնա վարքագծի կանոն, խրախուսելի կանոն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում