«Կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու պատուհանը փակվում է». ԱՄՆ առողջապահության նախարար
tert.am. ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը նախազգուշացրել է, որ երկրում «կորոնավիրուսային վարակի տարածումը դադարեցնելու պատուհանը փակվում է». ԱՄՆ-ում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2,5 մլն-ը և որոշ նահանգներում բռնկման նոր օջախներ են հայտնաբերվել:
Ինչպես նշում է The Guardian-ը, ԱՄՆ-ում երեք օր անընդմեջ կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է նկատվել: Արիզոնա նահանգում ցուցանիշը 267% աճ է գրանցել: Ընդհանուր առմամբ, երկրում վարակից մահացել է ավելի քան 125 000 մարդ:
Առողջապահության նախարարը NBC հեռուստաալիքի եթերում, պատասխանելով այն հարցին, թե ինչու ԱՄՆ-ին չի հաջողվում զսպել վարակի տարածումը ու համալրել այն երկրների ցանկը, որտեղ վարակի դեմ պայքարը հաջողված է, ասել է.«Իրավիճակն իրոք շատ լուրջ է: Կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու պատուհանը փակվում է: Մենք պետք է գործենք, և մարդիկ՝ որպես անհատներ, մեծ պատասխանատվությամբ պետք է սրան մոտիկ գան: Հարկավոր է կրել դիմակ ու սոցիալական հեռավորություն պահպանել»:
Ազարը հավելել է, որ երկրում թեստավորման համակարգը շատ լավ է աշխատում, սակայն միևնույն ժամանակ պաշտոնյան նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթներին հոսպիտալացման և մահվան դեպքերի թիվը կարող է զգալի ավելանալ:
Նա նաև պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ դիմակ չկրելու որոշումը՝ բացատրելով, որ նախագահը կանոնավոր թեստավորվում է:
Պարբերականը նկատում է, որ Թրամփն ու նրա վարչակազմն արդեն տևական ժամանակ քննադատվում են կորոնավիրուսի դեմ պայքարն արդյունավետ չվարելու համար: