«ԱԱԾ-ն բնակվում է իմ տանը, իմ հեռախոսի մեջ, նրանք ինձ հետ ապրում են». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի հետ կապված՝ սպասում են ՍԴ-ի արձագանքին:

«Ինչպես մեզ ներկայացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը, իրենք պետք է աշխատանքային նիստ հրավիրեն և քննարկեն՝ մեր դիմումն ընդունո՞ւմ են վարույթ, թե՞ ոչ: Բնականաբար, մենք կսպասենք ՍԴ-ի որոշմանը, այս հարցում իմ եզրակացությունը, կարծիքը կարևոր չէ, որովհետև կա ՍԴ, որը պետք է որոշում ընդունի: Միայն կասեմ, որ, եթե ուսումնասիրեք ՍԴ-ի նախադեպային տարբերակները, ապա կտեսնեք, որ եղել են դեպքեր, երբ ՍԴ-ն 26 ստորագրության դեպքում դիմումը վարույթ է ընդունել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով ընդհանուր իրավիճակին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց կողմնակիցներին ու համակիրներին ԱԱԾ-ն շարունակում է հրավիրել իր մոտ:

«Օրերս իմ գործընկերներից մեկին հրավիրել են բաժին, նա հայտնի ռեժիսոր է, որի ֆիլմերը ներկայացվում են Կաննում: Պատճառն այն է եղել, որ նա ինձ ԱԱԾ-ի մոտ տեսնելով, մեքենայից իջել է՝ հասկանալու համար՝ ինչո՞վ կարող է ինձ օգնել: Նրան կանչել են ԱԱԾ ու հարցրել են, թե կարո՞ղ է Նաիրան ավագանու ընտրությունների ժամանակ ձեզ ասել է՝ «պլակատ» բռնեք: Ընկերս էլ ասել է, թե՝ ինձ նայեք, ես նմա՞ն եմ «պլակատ» բռնող մարդու: Քանի որ ԱԱԾ-ն բնակվում է իմ տանը, իմ հեռախոսի մեջ, նրանք ինձ հետ ապրում են, ապրում են իմ հարազատների ու գործընկերների հետ, ուզում եմ ԱԱԾ-ին ասեմ, որ իմ Ֆեյսբուքը և այլ կապի միջոցները չքրքրեն, դրանցով ես որևէ մեկի հետ չեմ խոսում: Եթե ես մարդու հետ խոսելու բան ունենամ, փողոցում եմ խոսում՝ հեռախոսները թողած տանը: Այդքան ռեսուրս թող ինձ վրա չծախսեն՝ անիմաստ է: Ինչպես ԱԱԾ-ն իր բոեվիկ սյուժեում էր տարածել, ընկած մարդիկ են ման գալիս, ովքեր ցուցմունք կտան, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ մեզանից ինչ-որ մեկը, ինչ-որ կերպ շահագրգռել է քաղաքացիներին ընտրակաշառքով: Չգիտեմ՝ նման մարդիկ գտել են, թե՝ ոչ»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը:

Նա նաև հավելեց, որ ԱԱԾ-ն իր հետ կապված զբաղված է հնագիտական պեղումներով, նա միաժամանակ ԱԱԾ-ին կոչ արեց՝ նշելով, որ կարող են մեծացնել շրջանակը և դեպքերը սկսել ուսումնասիրել 2007 թվականից, երբ մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին:

«Եթե այս մոլորակի վրա կգտնեն գեթ մեկ հոմո սափիենս, ով փաստարկված կասի, որ Նաիրա Զոհրաբյանը որևէ մեկին գումար, «բոնբոներկա», պեպսի, կոլա, լահմաջո կամ այլ բան է տվել և ասել է, որ ձայն բերի, այդ ժամանակ պատրաստ եմ ասել, որ ես սխալ էի, իրենք՝ ճիշտ: Այս երկրագնդի վրա չի կարող լինել մեկ արարած, որ ես ձայն եմ ակնկալել, և դրա դիմաց ինքը որևէ բան է ակնկալել: Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, եթե ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում, ուզեք թե չուզեք՝ ես համարում եմ ՀՀ լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար պեպսի կոլայի կամ լահմաջոյի դիմաց»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս