«Վաղ թե ուշ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը պետք է հատակին կպնի». Հայկ Մամիջանյան
Այսօր ՀՀԿ երիտասարադական կազմակերպության շուրջ 100 անդամներ նամակ հանձնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը: ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նամակներ են հանձնելու ոչ միայն՝ ԵՄ պատվիրակությանը, այլ նաև՝ ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների բոլոր դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, ԵԽ գրասենյակին:
«Նամակը պարունակում է նկարագրություն՝ իրավական, քաղաքական տեսանկյունից այն ամենաթողության, որը տեղի է ունենում ՀՀ-ում ՍԴ-ի հետ, և առհասարակ՝ ժողովրդավարական գործընթացների տրամաբանության:
Ինչի ենք սկսել ԵՄ պատվիրակությունից, որովհետև տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, իսկ հաճախ՝ կողմնակալ լռությամբ, տպավորություն է ստեղծում, թե եվրոպական միջազգային կառույցները կողմ են կամ լուռ են այս գործընթացների նկատմամբ, այնինչ թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ Եվրոպայի խորհուրդը, թե՛ Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությունն արդեն արտահայտել են իրենց կարծիքն այս ամենաթողության նկատմամբ»,- ասաց Հ. Մամիջանյանը՝ ԵՄ պատվիրակության առջև լրագրողների հետ զրույցում:
Ըստ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարի՝ արտակարգ դրությունը պահպանվում է լոկ նման ակցիաները կանխելու նպատակով:
Նա հավելեց՝ չի վախենում բերման ենթարկվելուց. «Անհանգստություն բացարձակ չունեմ. հարազատ ոստիկաններիս փոխանցում եմ, որ այստեղից գնալու եմ կուսակցության գրասենյակ: Բայց խնդիրը նրանում է, որ այսքան մարդու հնարավոր չէ անդադար բերման ենթարկել: Մենք այս ակցիաները (ընդ որում, փորձել ենք հնարավորինս սեղմ կազմով լինել) անում ենք, որպեսզի այժմյան իշխանությունները հասկանան, որ իրենք ամեն ինչ անել չեն կարող, վաղ թե ուշ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը պետք է հատակին կպնի, ու իրենք պետք է հասկանան, որ իրենք ամեն չի, որ կարող անել: Չեն կարող ասել, որ լրագրողներն են մեղավոր իրենց ձախողած՝ կորոնավիրուսի պայքարի պարագայում, չի՛ կարող պարոն Փաշինյանը ինչ-որ պահի որոշել, որ ինքը կաթողիկոս է դառնում. էդպես չի՛ լինելու»:
Ուղարկված նամակներից սպասվող ակնկալիքների մասին խոսելիս Հայկ Մամիջանյանը հավելեց. «Երբ որ դու տեսնում ես՝ ինչ-որ վատ բան է արվում, ու դրա հետ կապված ոչինչ չես անում, դու նույնչափ հանցակից ես: Մեր ձևն էլ դրա դեմ պայքարելու դեռ սա է»: