«Նիկոլ Փաշինյանի հիմնական զանգվածն աղանդավորներն են, որոնք մեկ հրահանգով դուրս են գալիս փողոց». Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ ԼՀԿ-ի կողմից ԲՀԿ նախաձեռնած ստորագրությանը չմասնակցելը, իսկ հետո ԲՀԿ 26 ստորագրությունները ՍԴ ներկայացնելը ԼՀԿ-ի կողմից քննադատելը ցույց տվեց, որ ԼՀԿ-ն այս իշխանության պարագայում նույնն էր, ինչ Արթուր Բաղդասարյանը նախորդ իշխանությունների ժամանակ:
«Հիմա ՍԴ-ում ճգնաժամ է, և դրա ամենամեծ պատասխանատուն «Լուսավոր Հայաստանն» է: Իրենց չեն հարգում ո՛չ իշխանությունում, որովհետև խմբակցության ղեկավարին ապտակում են, և դա անպատժելի է մնում, ավելին՝ «Իմ քայլը» խմբակցությունն աջակցում է ապտակողին՝ Սասուն Միքայելյանին, և ո՛չ էլ ընդդիմադիր դաշտն է իրենց հարգում: Այստեղ, երևի, իրոք ԼՀԿ-ն երրորդ ուղին է ընտրել՝ դեպի ունայնություն ճանապարհը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց նա՝ ընդգծելով, որ այլևս «Լուսավոր Հայաստանը» 17 մանդատ չի ունենա խորհրդարանում:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անկում է ապրում՝ չնայած նրա բազմաթիվ PR ակցիաներին. «Նիկոլ Փաշինյանի հիմնական զանգվածն աղանդավորներն են, որոնք շատ համակարգված, մեկ հրահանգով դուրս են գալիս փողոց: Դա եղել է բոլոր հետխորհրդային երկրներում, որտեղ պետք էր փողոց հանել 3-5 հազար մարդ: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը հանգիստ ոչ առաքելական տեսանյութերով է կիսվում: Եթե նա առաքելական եկեղեցու հետևորդ է, ապա շատ կասկածելի վարք է դրսևորում. այն անհարգալից վերաբերմունքը կաթողիկոսի, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ոչ միայն Փաշինյանի, այլև իր ընտանիքի կողմից, այս անընդհատ պայքարը թույլ են տալիս իրոք մտածել, որ եթե ոչ՝ հոգևոր, ապա՝ գործնական կապ կա ներկա իշխանությունների և Հայաստանում գործող ոչ առաքելական դավանաբանություն ունեցող կազմակերպությունների մեջ»:
Անդրադառնալով վերջին օրերին մտավորականների, մշակույթի գործիչների՝ ընդդեմ գույքահարկի բարձրացման ակցիային, նա ընդգծեց՝ մեր մտավորականներից շատերը միանգամից մոռացան, թե նախկին իշխանություններից ինչ են ստացել, և միանգամից սկսեցին գովերգել ներկայիս իշխանություններին. «Մինչև չկպավ իրենց գրպանին, իրենք շատ լուռ նայում էին, թե ինչպես են մարդու իրավունքները խախտվում Հայաստանում, ինչպես է Սահմանադրությունը ոտնահարվում: Զարմանալի է, օրինակ՝ իրենք ի՞նչ են մտածում ՍԴ-ի հետ կապված այդ ամենի մասին, որովհետև իրենց հարցը եթե իշխանությունն անի այնպես, ինչպես ուզենա, ապա միակ տարբերակը ՍԴ-ով դա լուծելն է, իսկ ՍԴ-ն արդեն անցնում է իշխանության ձեռքը, ո՞վ է լուծելու իրենց հարցը: 2 տարի լռելուց հետո հենց կպան իրենց՝ միանգամից որոշեցին, որ բնիկ երևանցի են, Երևանի դարդով են տապակվում, իշխանությունն ինչ-որ սխալ բան է անում: Մի կողմից՝ ուզում ես ասել, որ այդպես էլ պետք է, ոնց ուզում եք՝ յոլա գնացեք, բայց մյուս կողմից էլ՝ իրենց ընտրած տեխնոլոգիան սխալ էր, խճճում են հարցը, կորչում է կոնկրետ խնդիրը: Տեսա՝ ովքեր են անում այդ գրառումները՝ բոլորը նախորդ իշխանություններից շատ յուղոտ պատառներ են պոկել, այդ թվում՝ բնակարանների տեսքով, բարձր վարձատրվող աշխատանքի տեսքով»:
Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է ժողովրդին սարքի տուգանքի մատերիալ. «Իրենք դարձել են իշխանություն այն թեզի վրա, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ և չի կարելի ժողովրդին տուգանել: Ներդրումներ չկան, բյուջե թալանածը վերադարձնելը ձախողվեց, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ միլիարդներ պետք է բերվեն, և ի՞նչ է մնում՝ տուգանել, հարկել, մի բան ժողովրդից պոկել: Քանի որ 88 ձայն ունեն, վաղը կարող է որոշում ընդունեն, որ մեր երիկամներից մեկը պետության սեփականությունն է, և եթե պետությունը գումարի կարիք ունենա, կարող է որոշեն՝ ընդդիմությունից 100 հոգու հիվանդանոց տանել, երիկամները վաճառել և բյուջեն լցնել 1.5 մլն դոլարով, մի 20 հազար պողոս ծափ կտան ու կասեն՝ այդպես էլ պետք է: Մենք այսպիսի երկրում ենք ապրում, որ այն, ինչ թվում է՝ աբսուրդ է, վաղը շատ հանգիստ կարող է կատարվել: Եվ այն, որ մենք հիմա կորոնավիրուսի պատճառով ունենք մոտ 500 մահացած, այդ մարդիկ մահացել են 2 հոգու անլրջության պատճառով»:
Հիշեցրինք օրերս ԱԺ-ում արված Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ կորոնավիրուսի տարածման պատճառներից մեկը լրատվամիջոցներն են: «Արտակարգ դրության պայմաններում, երբ կորոնավիրուսի հետ կապված խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվել՝ անսալով քննադատություններին ու հորդորներին, այդ սահմանափակումները վերացվեցին։ Եվ այսօրվա իրավիճակի կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է, որ ասում եք՝ ի՞նչ եք սխալ արել, հենց դա ենք արել սխալ, ձեր հորդորներով, նաև ժողովրդավարական կառույցների հորդորներով»,- ասել էր վարչապետը: Նաև հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են արդարացի Նիկոլ Փաշինյանի այս գնահատականները, ինչո՞վ են լրատվամիջոցները նպաստել կորոնավիրուսի տարածմանը:
Ի պատասխան՝ Տիգրան Քոչարյանն ասաց, որ ամբողջովին համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ. «Ամենամեղավորը լրատվամիջոցներն են, որոնք տարածել են Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի խոսքերը և պարետատան որոշումները, որոնք առողջապահական համակարգում տոտալ կոլապսի են բերել: Եթե մեր ժողովուրդն ավելի քիչ լսեր Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին, այլ լսեր մասնագետներին, այդպիսի խնդիր չէր լինի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում