Գյումրու որոշ բենզալցակայաններում արձանագրվել են հակահամահաճարակային կանոնների խախտման դեպքեր
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Գյումրի քաղաքի որոշ բենզալցակայաններում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր է արձանագրել:
Որոշ բենզալցակայաններում բացակայել են դիմակների և ձեռնոցների համար հատուկ նախատեսված աղբամաններրը, ջերմաչափերը և ջերմաչափման գրացմամատյանները, փակցված չեն եղել դիմակները պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները:
Գազալցակայաններում և շինայութի վաճառքի կետերում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ առկա են եղել ախտահանող նյութեր: Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:
ՇՎՏՄ-ն հունիսի 27-ին պարետի որոշմամբ իրականացրել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք շինանյութի խանութների, բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը: Կասեցման պատճառ են հանդիսացել տվյալ տնտեսավարողների մոտ գծանշումների, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկների, փակ աղբամանների, ինչպես նաև ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ ՀՀ ողջ տարածքում շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: