«Պինոկիո» հեքիաթն ամենապահանջվածն է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Կառլո Կոլլոդիի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
«Շունն ու կատուն» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերից:
«Ով է ապրում տնակում» հեքիաթը երրորդ հորիզոնականում է: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Ռադյարդ Քիփլինգի «Մաուգլին» չորրորդ տեղում է: Քիփլինգը երկար տարիներ ապրել է Հնդկաստանում, տեղացիներից լսել շատ ավանդույթներ, որոնց թվում և այն տղայի մասին, որն ապրել է գայլերի ոհմակում։ Հենց այդ ավանդությունն էլ Քիփլինգն օգտագործել է «Մաուգլի» հեքիաթում։
Հինգերորդ տեղում է Գրիմ Եղբայրների «Մոխրոտը»: Հեքիաթի սյուժեն հայտնի է բոլորին: Մի հարուստ մարդու կինը մահանում է։ Մահվանից առաջ վերջինս դստերը պատվիրում է լինել բարի։ Աղջիկն ամեն օր այցելում է մոր գերեզմանին և լաց լինում, ինչպես նաև կատարում մոր պատվերը։ Գալիս է ձմեռը, հետո գարունը, և հարուստն ամուսնանում է երկրորդ անգամ։ Խորթ մայրը երկու դուստր ուներ՝ չար, հիմար։ Նրանք աղջկանից խլում են գեղեցիկ զգեստները և ուղարկում խոհանոցում ապրելու։
Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» վեցերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Յոթերորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:
Ութերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ՝ կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Իններորդ տեղում է Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» գիրքը: Այս վեպը ֆրանսիացի վիպասանի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսն է Ռեմին՝ ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
Տասներորդ տեղում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» գիրքը: Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդական աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերների՝ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտել մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը