Բաժիններ՝

15-ամյա գյումրեցի Միշան ստեղծում է անվտանգության համակարգ և 10-ից ավելի ծրագրեր windows-ի համար

15-ամյա Միխայիլ Մարտիրոսյանն այս ամիսներին պատրաստում է անվտանգության համակարգ RaspberryPi-ով՝ Python ծրագրավորման լեզվով։

Գյումրու թիվ 23 դպրոցի Արմաթ ինժեներական լաբորատորիայի խմբակավար Սոֆյա Հարությունյանը պատմում է, որ այս ծրագիրը կարողանում է ճանաչել մարդկանց դեմքերը, և եթե տվյալ անձը անծանոթ է համակարգին, համակարգը նկարում է ու ավտոմատ կերպով նկարն ուղարկում է օգտատիրոջ էլ․ հասցեին` նշելով նաև, թե ժամը քանիսին է ֆիքսվել տվյալ կադրը։

Միխայիլը սովորում է Գյումրու Իրական դպրոցի առաջին կուրսում։

«Արմաթ Ինժեներական լաբորատորիա ընդունվելուց հետո մասնակից եմ դարձել բազմաթիվ ծրագրերի, մասնակցել եմ Digitech expo 2017-ին, 2 անգամ մասնակցել եմ 3D-մոդելավորման մրցույթի, մասնակից եմ եղել Ucom-ի եռամսյա վեբ ծրագրավորման դասընթացին և շատ այլ ծրագրերի»,- պատմում է Միշան 168.am-ի հետ զրույցում։

Միխայիլը պատմում է, որ մանկուց հետաքրքրվել է տարբեր սարքերով և դրանց աշխատանքի սկզբունքով։

«2016 թվականին, երբ որ ես իմացա, որ Գյումրու թիվ 23 միջն․ դպրոցում բացվելու է Արմաթ Ինժեներական լաբորատորիա, առանց երկար մտածելու՝ գրանցվեցի։ Քիչ ժամանակ հետո հասկացա, որ ՏՏ ոլորտը հենց ինձ համար է, և ես սկսեցի ամեն ինչի մեջ ավելի մանրամասն խորանալ։

Միխայիլն ու ընկերները խմբակավար Սոֆյա Հարությունյանի օգնությամբ սովորել են  HTML նշագրման լեզուն, ինչից ոգևորվելով էլ սկսել են ուսումնասիրել ծրագրավորման այլ լեզուներ։

«Այդպես էլ ես ընտրեցի ՏՏ ոլորտը՝ որպես իմ կյանքի ուղի, և հիմա արդեն տիրապետում եմ  JavaScript, PHP, Python, SQL, c++, c լեզուներին և առաջիկայում պլանավորում եմ ուսումնասիրել նաև java լեզուն։

Ես արդեն ունեմ որոշակի նախագծերի հավաքածու՝ տարբեր ծրագրավորման լեզուների համար։ Օրինակ, Python-ով գրել եմ 10-ից ավելի ծրագրեր windows օպերացիոն համակարգի համար, տարբեր տեսակի փարսերներ, բոտեր և առօրյա աշխատանքը հեշտացնող ծրագրեր։ c++-ով գրել եմ տարբեր ավտոմատացված մեքենաներ և թեթև ծրագրեր և շատ այլ տարբեր նախագծեր՝ տարբեր լեզուներով»։

Միխայիլը նշում է, որ իր ցուցաբերած արդյունքները բավականին աչքի ընկնող են՝ իր տարեկիցների հետ համեմատած։

Ընկերների հետ ազատ ժամանակը անցկացնելուց բացի, Միխայիլը իր հիմնական զբաղմունքը համարում է ինքնակրթվելն ու freelance հարթակներում աշխատանքը։ Նա իր ապագան տեսնում է Հայաստանում և կարծում է, որ իմաստ չկա սահմաններ հատել արտասահմանում կրթություն ստանալու համար․ դրա փոխարեն՝ կարելի է նույն գրքերը կարդալ համացանցի միջոցով, գտնել տեղեկատվություն google-ի միջոցով, ինքնակրթվել և ստանալ նույն կրթությունը։

Առհասարակ, Միխայլը շատ մեծ նշանակություն է տալիս կարդալուն և իր հասակակիցներին առաջին հերթին խորհուրդ է տալիս հաջողության հասնելու համար շատ կարդալ։

«Առաջին խորհուրդս, ինչպես նաև պահանջս բոլորին՝ կարդալն է, երկրորդը՝ ինքնակրթվելը։ Երրորդը կհնչի պարզ, բայց փորձեք ամեն ինչ․ միայն փորձով կարող եք ստանալ իրական գիտելիքներ, ասում եմ իմ անձնական փորձից։

Մի վախեցեք ձեր արած աշխատանքից, քանի որ սկսնակները վախենալով ինչ-որ բանից՝ ուղղակի ծախսում են իրենց պոտենցիալը և այդպես էլ արդյունքի չեն հասնում։ Մասնակցեք ամեն հնարավոր նախագծի, ցույց տվեք, որ դուք ձգտում եք հաջողության հասնել, որքան հնարավոր է կապ հաստատեք ծրագրավորողների հետ»,- իր հասակակիցներին խորհուրդ է տալիս Միխայիլը։

Սիրարփի Աղաբաբյան

Gepostet von Արմաթ-Գյումրու թիվ 23դպրոց am Freitag, 5. Juni 2020

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս