Մոսկվայում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ
Իրավապահ մարմինները Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Ալտուֆևյան մայրուղում իրականացրել են կրիմինալ հեղինակությունների ձերբակալման գործողություն. մոտ 30 մարդ արդեն ձերբակալված է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իրավապահ մարմինները ստացել են տեղեկատվություն կովկասյան հանրապետությունների հանցավոր առաջնորդների հավաքի մասին Ալտուֆևյան մայրուղու սրճարանում: Դրանից հետո ոստիկանությունը և Դաշնային անվտանգության ծառայությունը ձերբակալել են մոտ 30 մարդու»,- հայտնել են իրավապահ մարմիններից՝ նշելով, որ ձերբակալվածների մեջ կան նաև զինվածներ։
Գործողությունների ընթացքում արձակվել են կրակոցներ, մեկ մարդ վիրավորվել է:
«Բոլոր ձերբակալվածները ստուգվելու են հետախուզվող անձանց տվյալների բազաներում, ինչպես նաև ստուգվելու է նրանց ներգրավվածությունը Մոսկվայի շրջանում կատարված հանցագործությունների մեջ»,- նշել է իրավապահ մարմինների զրուցակիցը։
Համաձայն զրուցակցի հայտնած տվյալների՝ ձերբակալվածների մոտ եղած զենքերը նույնպես կուսումնասիրվեն։