«Հաստատված դեպքեր կան՝ դա որևէ կերպ չի խանգարի խորհրդարանի աշխատանքներին». Լիլիթ Մակունցը՝ կորոնավիրուսով վարակված պատգամավորների մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, և արդյունքը դրական է:
Պատգամավորը նաև տեղեկացրել էր, որ որևէ գանգատ չունի և այս պահին մեկուսացվել է տանը:
Իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նույնպես հայտնել էր կորոնավիրուսի թեստ հանձնելու և դրական արդյունքի մասին:
Այսօր խորհրդարանում լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք հնարավոր է խորհրդարանի աշխատանքներում որոշակի փոփոխություններ լինեն, քանի որ իշխող խմբակցության մեջ կան արդեն վարակվածներ:
«Այո, հաստատված դեպքեր կան, անձանց անուններ չեմ ուզում նշել: Ինչ վերաբերում է խորհրդարանի աշխատանքներին, ապա անում ենք առավելագույնը, որպեսզի որևէ կերպ այս ամենը չխոչընդոտի: Այս պահին իմ ունեցած տվյալներով՝ կա մեկ հաստատված դեպք, մյուսներինը դեռ չի հաստատվել, չգիտեմ՝ կհաստատվի՞, թե՞ ոչ: Եթե նույնիսկ հիպոթետիկ ընդունեք, որ հաստատվի, ապա դա որևէ կերպ չի խանգարի խորհրդարանի աշխատանքներին, անում ենք առավելագույնը, որպեսզի չխանգարի:
Ի դեպ, նրանցից որևէ մեկի մոտ ախտանշաններ չի եղել»,- հավաստիացրեց Լիլիթ Մակունցը:
Հարցին՝ խմբակցությունով թեստեր հանձնե՞լ են, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ չեն հանձնել, քանի որ թեստ հանձնում են այն անձինք, որոնց մոտ, հնարավոր է՝ ախտանշաններ կան, կամ որոնք հնարավոր կոնտակտավոր են:
«Պատգամավորը, չեմ ուզում անունը նշել, ով հանրային կերպով հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվել է վարակ, դուք՝ լրագրողներդ, նույնպես նրա հետ շփվել եք, հիմա էլ ինձանից հարցազրույց եք վերցնում: Այսինքն՝ մենք բոլորս պետք է անենք առավելագույնը, որպեսզի զգույշ լինենք մեր և այն մարդկանց նկատմամբ, որոնց հետ շփվում ենք»,- հավելեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Հարցին՝ կորոնավիրուս է հաստատվել նաև ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մոտ, արդյո՞ք ԱԺ նախագահը և մյուս փոխնախագահները թեստավորվել են, Լիլիթ Մակունցը հարցով պատասխանեց. «Իսկ Դուք թեստավորվե՞լ եք, Դուք էլ եք շփվել պարոն Էնֆիաջյանի հետ: Կարծում եմ՝ դա արդեն բժիշկների հետ խորհրդակցության, նաև անհատական որոշման արդյունքում է տեղի ունենում»: