Բաժիններ՝

Եթե գյուղում բնակվողը վարձու աշխատող է, ապա երեխայի նպաստը կլինի կրկնակի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում, իսկ եթե ծնողը նաև վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել:

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Գյուղական բնակավայրերում բնակվող մինչև 2 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին ևս կնշանակվի երեխայի խնամքի նպաստ՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ նպաստի այս տեսակը նշանակվում և վճարվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, եթե երեխայի ծնվելու պահին ծնողը հանդիսանում է վարձու աշխատող»,-ասաց փոխնախարարը:

Իսկ եթե գյուղական բնակավայրում բնակվող, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը նաև հանդիսանում է վարձու աշխատող, ապա կստանա կրկնակի նպաստ: Այսինքն՝ 26 հազար 500 դրամ՝ որպես երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ընտանիք և ևս 26 հազար 500 դրամ՝ որպես գյուղական բնակավայրում բնակվող, մինչև 2 տարեկան երեխա խնամող ընտանիք:

Նախագծով առաջարկվում են այլ փոփոխություններ ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս