Անշարժ գույքի շուկայական գները շարունակում են բարձր մնալ գնահատված հարկման բազայի համեմատ. Պողոսյան
Գույքահարկի փոփոխություններով առաջարկվող հարկման բազաները բարձր չեն, անշարժ գույքի շուկայական գները շարունակում են բարձր մնալ՝ գնահատված բազաների համեմատությամբ:
Այս մասին վստահեցրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, թե արդյոք կադաստրային արժեքի որոշման հարցում կա՞ կոնկրետ մեթոդաբանություն, և այդ մեթոդաբանության արդյունքում գույքի շուկայական և կադաստրային գինը չե՞ն ունենա մեծ շեղումներ՝ հաշվի առնելով համավարակի առկայությունը և անշարժ գույքի շուկայում գների տատանողականությունը:
«Կա գնահատման մեթոդաբանություն, որն ամրագրված է օրենքով, ընդունվել է անցյալ տարվա նոյեմբերին, ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարի 1-ից: Եվ այդ գնահատման մեթոդաբանությամբ որոշված կանոններով հաշվարկված տվյալները, որոնք հիմնված են 2018-ի տվյալների վրա, մեզ հիմք են տալիս համոզմունք արտահայտելու առ այն, որ ստացված հարկման բազաներն առնվազն բարձր չեն, եթե չասեմ, որ շուկայական գները շարունակում են բարձր մնալ՝ գնահատված բազաների համեմատությամբ»,- ասաց Պողոսյանը:
Գնահատումը կատարվել է 2018-ի տվյալներով: Փոխնախարարը նկատեց, որ դրան հաջորդող 15 ամսում (նկատի ունի 2018-ի սկզբից մինչև 2020 թվականի մարտըհեղ.), երբ համավարակային իրավիճակ ստեղծվեց, անշարժ գույքի գները շարունակաբար աճել են և ներկայումս էլ առանձնապես անկում չի դիտվում, պարզապես գործարքների թվաքանակի կրճատում է դիտվում: «Վերցված է նաև գնահատված արժեքների 80 տոկոսը, այսինքն՝ 20 տոկոսի շեղում, այդուհանանդերձ, թույլատրված է: Այդ առումով մտավախություն չունենք այս պահին»,- նշեց նա ու հավելեց՝ եթե լինի նման մտավախություն, իրենք կխնդրեն հնարավորություն ընձեռել ու արտահերթ վերագնահատման միջոցառում իրականացնել գույքային միավորների մասով: