«Պարոն Երիցյան, վերջերս որդեգրել եք քաղաքականություն, որ միշտ բոլորի հետևից  եք խոսում, տղա եղեք». Անի Խաչատրյանը

«Քանի որ մեզ մոտ անկանոն վիճակ է, և ով ինչից ուզի՝ կխոսի, ես էլ որոշեցի այսօր հեքիաթ կարդամ». այսօր՝ հունիսի 24-ի Երևանի ավագանու նիստում, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաժակյանն այսպես արձագանքեց, երբ  «Լույս» խմբակցության անդամին քաղաքապետն ընդհատեց, քանի որ այդ պահին հարց ու պատասխանի ժամանակը չէր, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամին թույլ տվեց ելույթ ունենալ հարցի հետ չառնչվող թեմայով:

«Լինում է մի սար, էն սարում մի ծառ, էն ծառին փչակ, փչակում մի բուն, բնին երեք ձու ու վրեն կկու: Կկու, կկու, իմ կկուներ… ժողովուրդ, ամոթ ա, հերիք ա կկվի տեղ ձեզ դնեք, բան ունեք ասելու, ասեք հարց ու պատասխանին: Պարոն քաղաքապետ, տիկին Վարդանյանին ընդհատեցիք, իսկ ձեր ֆրակցիայից չընդհատեցիք»,- ասաց Անի Խաչատրյանը:

Նա անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի ելույթին, որը վերաբերում էր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի արտահերթ ելույթին: Երիցյանն այն որակել էր ինքնագովազդ և ասել, որ Խաժակյանի ելույթն իրեն հիշեցրել է ոչ վաղ անցյալը, երբ երիտասարդ քաղաքական գործիչներն իրենց պաշտոնն ընկալում էին ոչ թե՝ որպես պարտականություն, այլ՝ արտոնություն:

«Չեմ պաշտպանում ոչ մեկին, բայց նաև ասեմ, որ պարոն Խաժակյանը կանոն չի խախտել, այլ խոսել է  ֆրակցիայի ղեկավարի իրեն լիազորված արտահերթ ելույթով: Շատ լավ կլիներ՝ պարոն Խաժակյանի դիմաց խոսեիք: Նա նաև ասաց, որ գնում է 6-րդ վարչություն: Պարոն Երիցյան, վերջերս որդեգրել եք քաղաքականություն, որ միշտ բոլորի հետևից եք խոսում: Տղա եղեք»,- խոսքն ավարտեց Անի Խաչատրյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս