«Հե՛տ տարեք այս նախագիծը». Արկադի Խաչատրյանը դեմ է արտակարգ դրության ժամանակ գույքահարկի բարձրացման հարց քննարկելուն
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի կարծիքով՝ ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվող «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով բարձրացվում է գույքահարկի չափը, մարդակենտրոն չէ, որովհետև այդպիսին լինելու համար պետք է հաշվի առնել տվյալ գնահատման սեգմենտի գույքը տնօրինող մարդկանց եկամուտների մակարդակը և համադրել այն այլ երկրների հետ:
«Առաջինը՝ սոցիալական երաշխիքներ և հարկման մակարդակ: Կարծում եմ, որ չհարկվող շեմը խիստ անհրաժեշտ է, որովհետև մարդն ունի նվազագույն միակ բնակարանի իրավունք, որն այսօր գործող կառավարության որոշմամբ՝ սահմանված է 4.9 միլիոն դրամ, որը ենթակա չէ բռնագանձման առհասարակ»,- ասաց Արկադի Խաչատրյանը՝ հավելելով, որ, հետևաբար՝ բնակարանը նախ և առաջ սոցիալական գույք է և պետք է ունենա շեմ:
Բացի դրանից, ըստ պատգամավորի, գույքահարկի բեռը պետք է լինի տանելի, և անպայմանորեն պետք է հաշվի առնել՝ ինչպես սոցիալական երաշխիքների խնդիրը, այնպես էլ՝ միջին խավի շահը:
«Հայաստանում չկա կապիտալի շուկա: Մարդիկ իրենց ներդրումները կատարում են կամ անշարժ գույքի մեջ, կամ ավանդներ՝ բանկում: Մենք ուզում ենք, որ այդ ներդրումային հոսքը տեղափոխվի ա՞յլ երկրների անշարժ գույքի շուկա, թե՞ այդուհանդերձ ուզում ենք, որ այդ սեգմենտը լինի»,- նշեց Արկադի Խաչատրյանը՝ ընդգծելով, որ իրենք անթույլատրելի են համարում արտակարգ դրության պայմաններում առանց հանրային, մասնագիտական խորը քննարկումների և վերլուծության՝ նման նախագծի ներկայացումը:
Պատգամավորն առաջարկեց հետ տանել նախագիծը, նորից քննարկել և բերել մյուս տարի:
Մանրամասները՝ տեսանյութում