«Քաղաքը սահամանափակ է և չունի անծայրածիր հնարավորություն բոլոր շրջիկ առևտրի կետերի պահանջները բավարարելու». Ավագանին ընդունեց շրջիկ առևտրի կետերի մասին նախագիծը
Երևանի ավագանին հունիսի 24-ի նիստում 40 կողմ, 3 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ ընդունեց շրջիկ առևտրի կետերի աշխատանքը կանոնակարգող նախագիծը, որով սահմանեց շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը ներկայացրեց, որ շրջիկ առևտրի կետերը միևնույն վայրում իրավունք կունենան մնալ ընդամենը 3 օր, օրական առավելագույնը 14 ժամ: Երևանի ամբողջ տարածքում սահմանվել են 52 հատուկ վայրեր, որտեղ շրջիկ առևտրի կետերը գործունեություն իրականացնելու իրավունք կունենան: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հարց ուղղեց, թե արդյոք այս նախագիծը նախատեսո՞ւմ է կրճատել շրջիկ առևտրի կետերի քանակը:
«Կրճատման քանակի սահմանափակում չենք ներկայացնում, սակայն փաստացի քաղաքը պետք է իր հնարավորության սահմաններում կարողանա տեղավորել շրջիկ առևտրի կետերը: Սահմանվել են 52 կետեր, որտեղ կթույլատրվի գործունեությունը, և եթե ավելանան, մենք սահմանափակում չենք կիրառում, այլ տալիս ենք հնարավորություն էլեկտրոնային տարբերակով ամրագրում իրականացնել: Եթե 52 տեղ եղավ, և եղավ 100 դիմորդ, ապա այդ 52-ն են կարողանալու գործունեություն իրականացնել: Այս իմաստով, այո, քաղաքը սահամանափակ է և չունի անծայրածիր հնարավորություն բոլոր շրջիկ առևտրի կետերի պահանջները բավարարելու»,- ասաց Սաֆարյանը:
Ըստ նախագծի՝ շրջիկ կետեր չեն լինի այն փողոցներում, որտեղ դրանք այժմ ամենաշատն են կենտրոնացած. օրինակ՝ ցանկում ներառված չեն Հանրապետության հրապարակի հարակից հատվածը, Ամիրյան, Նալբանդյան փողոցները, Աբովյան փողոցի սկզբնամասը, Մաշտոցի պողոտան և այլ բանուկ փողոցներ: ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նաև հարցրեց, թե արդյո՞ք հրատապ է այս նախագիծն ընդունելը, քանի որ հայտնի է՝ տնտեսական վատ իրավիճակ է տիրում երկրում: Հարցին արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա ասաց, որ նախագիծն ուժի մեջ կմտնի 2021թ. հունվարի 1-ից, այս ընթացքում տնտեսվարողները հնարավորություն կունենան մարտավարություն մշակելու:
Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվի վաճառել թունդ ալկոհոլային խմիչքներ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է դա որոշվելու, և արդյոք գարեջուրը համարվո՞ւմ է թունդ ալկոհոլային խմիչք:
«Ալկոհոլային խմիչքների դասակարգումը կատարվում է օրենսդրությամբ: Եթե չեմ սխալվում, 40-ից բարձր գրադուսի դեպքում նոր համարվում է թունդ ալկոհոլային: Ավելի ցածրը չի արգելվի»,- պատասխանեց Հովիկ Սաֆարյանը:
Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվում նաև բժշկական ծառայություններ մատուցել: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, թե այս սահմանափակումը վերաբերո՞ւմ է, օրինակ՝ շրջիկ բարեգործական ատամնաբուժարաններին: Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը պատասխանեց, որ այս կարգավորումները չեն վերաբերի այդ բնույթի գործունեություն իրականացնողներին:
Հաջորդ խնդիրը, որը մտահոգում է տնտեսվարողներին, էլեկտրաէներգիայի հարցն է: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հարցին, թե ինչպե՞ս են հոսանքով ապահովվելու այդ կետերը, Հովիկ Սաֆարյանը պատասխանեց, որ այժմ ՀԷՑ-ը հնարավորություն չունի նրանց էլեկտրաէներգիայով ապահովել, սակայն բանակցությունները դեռ ընթանում են:
«Եթե նման հնարավորություն լինի, կաջակցենք»,- ասաց Սաֆարյանը:
Ավագանու անդամները նաև մտահոգություն հայտնեցին, որ դաշտում կարող են հայտնվել խոշոր խաղացողներ և մոնոպոլիզացնել ոլորտը, ինչին Հայկ Մարությանն արձագանքեց, որ իր կարծիքով՝ այս ոլորտում շահույթներն այնքան մեծ չեն, որ խոշոր խաղացողները մտնեն այս դաշտ: