«Քաղաքական ուժի օրակարգը չպիտի կախված լինի նրանից, թե ՍԴ-ում ում գործն է քննվում կամ չի քննվում». Շաքե Իսայան
Խորհրդարանը նախօրեին ժամերի ընթացքում ընդունեց Սահմանադրական փոփոխությունները և խախտելով Սահմանադրությունը՝ նախագիծը չուղարկեց ՍԴ կարծիքի համար: Լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով նախորդող գործընթացներին՝ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և հավելեց. «Նաև ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարեց, որով ՀՀ նախագահին զրկեց Սահմանադրական փոփոխությունների ը դունված նախագիծը ստորագրելու իրավունքից»:
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն արձանագրեց խորհրդարանի ընդունած աղմկահարույց օրենքի խախտումները, ապա անդրադառնալով այն տեսակետին՝ արդյոք ՍԴ դիմելու հիմքերի՞ց է 168-րդ հոդվածը՝ նշեց. «Հանրության կողմից մեկ այլ հարց էր բարձրացվում, որ պետք է սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկվեր ՍԴ-ում, մինչդեռ պետք է նշենք՝ Սահմանադրության 168-րդ հոդվածում նշված այդ դրույթը չի կարող պատգամավորների 1/5-րդ-ով վիճարկվել ՍԴ-ում, որովհետև սահմանադիրը այդ դրույթը գրել է այն կանխավարկածով, որ ԱԺ-ն ինքը պարտավոր դիմել ՍԴ սահամանադրականության հարցը որոշելու համար»:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանության բազմաթիվ կողմնակիցներ, այս հարցը , հանրությանը մատուցողներ պնդում են, որ իրենց քայլերում կա քաղաքական շահագրգռություն և առնչություն ունի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ, որը նախատեսված է հուլիսի 7-ին: Նա նկատեց ՝ որպեսզի խուսափեն որևէ միջամտությունից՝ կդիմեն ավելի ուշ. «Վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ընդհանրապես ժամկետ չկա: Հիմա մենք դիմումի վրա կաշխատենք, կուժեղացնենք, և հենց որ երկրորդ նախագահի գործով նիստը տեղի կունենա և կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված մեր դիմումը: Մոտավորապես օրերի խնդիր է»:
168.am-ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանին հացրեց՝ արդյոք իրենց համար սպասելի՞ էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության այս որոշումը և ընդունելի՞ էին ներկայացված իրավական և քաղաքական հիմնավորումները, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. «Քննարկումները, գիտեք, որ այս պահին էլ դեռ շարունակվում են՝ կապված 168-րդ դրույթի հետ և մնացյալ հարցերով :
Ինչ վերաբերում է իրենց որոշմանը, ապա մենք հարգանքով ենք վերաբերում, քանի որ իրենք առաջնորդվում են իրենց օրակարգով, առաջնորդվում են իրենց նախընտրություններով, համոզմունքներով:
Կարող եմ ասել, որ ինքս անձամբ չեմ կիսում այդ պատճառաբանությունը, որովհետև ինձ թվում է՝ քաղաքական ուժի օրակարգը չպիտի կախված լինի նրանից, թե ՍԴ–ում ում գործն է քննվում կամ չի քննվում՝ առավելևս՝ երբ հստակ ֆիքսվում է իրավական առումով եղել է Սահմանադրության խախտում և Սահմանադրության ոտնահարում»:
Շաքե Իսայանի համոզմամբ՝ օրենքի սահմանադրականությունը վիճարկող դիմումն այսօր արդեն պետք է մուտք արվեր Սահամանդրական դատարան, բայց միևնույն ժամանակ հարգանքով է վերաբերվում իրենց գործընկերների օրակարգին: