«Որևէ շփում գործող իշխանության հետ չունեմ, ինձ ոչ մի բան չեն վստահեցրել». Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ ՍԴ դիմելու հետ կապված ժամկետների, ինչպես նաև դիմումը մերժելու հետ կապված խնդիրներ չեն լինելու:
Ըստ նրա, Սահմանադրական դատարան դիմելու իրենց դիմումը երկու շաբաթում վարույթ կընդունվի:
«Հիշեք սահմանադրական հանրաքվեն, երբ ասվում էր, որ 9-ը դատավորից երկուսը պետք է մնա, մյուս 7-ը հեռանա, որովհետև նրանք ամենավատն էին, նախկիներ էին և այլն: Հիմա այդ 7-ից եթե 2-ին, անգամ 3-ին ենք հանում, բալանսը չի փոխվում կամ լավագույն դեպքում` բալանսավորվում է: Հիմա դուք ուզում եք պնդել, որ դատարանը նախկին իշխանություններինն էր, նորերը գրավո՞ւմ են»,-այս մասին հրավիրած մամուլի ասուլիսին ասաց ԼՀԿ ղեկավարը:
Հարցին՝ իրենց վստահեցրե՞լ են, որ ՍԴ-ում անաչառ դատավորներ են նշանակելու, կամ վստահեցրե՞լ են, որ ԼՀԿ-ի դիմումը վարույթ է ընդունվելու, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ գործող իշխանության որևէ ներկայացուցչի հետ որևէ շփում չունի:
«Ինձ ոչինչ չեն վստահեցրել, որևէ մեկին որևէ բան չեմ հարցրել, այդ թեկնածուները կգան խորհրդարան, մենք կնայենք: Բայց մենք ասում ենք, որ այդ նախագիծը, ինչպես միշտ, կազմվել է փնթիաբար և այդ փնթիության նպատակը՝ երեք դատավորներին լիազորությունից զրկելը, ի կատար չի ածվելու, որովհետև այն չի տարածվելու 3-րդ դատավորի վրա: Կա՛մ պետ է գրեին, թե ծնված օրվանից ՍԴ անդամը քանի տարի է եղել, կա՛մ այն ինչ գրել են, դա չի աշխատելու: Բոլոր դատավորները, որոնք պաշտոնանկ են արվելու, նրանք բոլորը իրավական ընթացակարգերով վերականգնվելու են, որովհետև գործընթացը Սահմանադրության հստակ խախտմամբ է տեղի ունեցել»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև ընդգծեց, թե բացի այն, որ ՍԴ-ն քննարկելու է և վիճարկվելու են տեղի ունեցած գործընթացները, դատավորներն ընդհանուր կարգով՝ մինչև Եվրոպական դատարան կարող են գնալ, ինչի մասին նրանք արդեն հայտարարել են:
Ինչ վերաբերում է ՍԴ-ում Երկրորդ նախագահի գործի քննությանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դժվարանում է ասել, թե ՍԴ-ն ինչ կորոշի, քանի որ այդ գործը գտնվում է դատարանի տիրույթում.
«Կարծում եմ՝ կարիք չկար դիմել ինչ-որ եվրոպական կառույցների և սպասել այդ եվրոպական կառույցների որոշումներին, ապագայում, երբ լինեն որոշումներ, գուցե դրա վերաբերյալ գնահատականներ կտանք»,- եզրափակեց նա: