«Եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք միայն ու միայն առողջապահական սեգմենտի վրա, մենք տնտեսական փլուզում կունենանք». Նիկոլ Փաշինյան
«Ըստ էության ապրիլին մենք արձանագրեցինք, որ Հայաստանում փակվել է 71.471 աշխատատեղ»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ քիչ առաջ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այս ու մի քանի այլ տվյալներ վերլուծելու արդյունքում վերջնականապես եկել են այն եզրակացության, որ պետք է որդեգրել կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու ռազմավարություն:
«Հակառակ դեպքում, եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք միայն ու միայն առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում կունենանք: Եվ մենք որոշեցինք գնալ ահա այսպիսի ճանապարհով, որպեսզի թույլ չտանք տնտեսության փլուզում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ առավոտից մայիս ամսվա եկամտային հարկի տվյալներն ուսումնասիրելով՝ պարզել են, որ մայիսին, երբ որոշել են չշարունակել «լոք-դաուն»-ի քաղաքականությունը, 50.094 աշխատատեղ վերականգնվել է: Ըստ վարչապետի՝ սա ոչ թե նշանակում է, որ հաղթահարվել է այդ տնտեսական բարդությունը, այլ նշանակում է, որ սկսվել է վերականգնման պրոցես:
«Սա ինձ ևս մեկ անգամ համոզում է, որ մենք պետք է մաքսիմալն անենք «լոք-դաուն»-ի վերադառնալու անհրաժեշտությունից խուսափելու համար, որովհետև դա ասում եմ, որ առողջապահական առումով, այո, մենք թվերի որոշակի նվազում ունենում ենք, բայց տնտեսական առումով կարող ա այնպիսի կոլապս լինի, որ մենք չկարողանանք տասնամյակով նույնիսկ վերականգնվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե «լոք-դաուն»-ի չվերադառնալու համար անհրաժեշտ է մեկ բան՝ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակներ, ձեռքերը պարբերաբար ախտահանել և պահպանել սոցիալական հեռավորությունը: