«Արագ մի գնացեք, դեռ նախագահը պետք է ստորագրի, դեռ խմբակցությունները մտածում են՝ ոնց դիմեն, այնպես չէ, որ ամեն ինչ կորած է». Ֆելիքս Թոխյան
«Դուք նայեք՝ քանի օրենք են փոխել. երեկ մի հատ էլ արտահերթ արեցին ու փոխեցին ռեգլամենտը, որն իրենց սրբության սրբոցն է. ինչպե՞ս պետք է աշխատի ԱԺ-ն, դա ռեգլամենտում է գրված, դա փոխեցին: Դա էլ կարող է գալ ՍԴ: Դա սահմանադրական օրենք է և գնալու է հանրապետության նախագահի ստորագրությանը՝ իքս ժամկետում. կստորագրի, չի ստորագրի, կդիմի ՍԴ, ինձ չի հետաքրքրում, ես պրոցեսն եմ ասում: Դրանից հետո նոր ուժի մեջ է մտնելու այն տարբերակը, որ 7 օրվա մեջ ԱԺ նախագահը կստորագրի և կհրապարակի, բայց մինչ այդ՝ նախագահը պետք է դեռ ռեգլամենտի փոփոխությունը ստորագրի»,- Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:
Հարցին՝ առանց Սահմանադրական դատարան գալու՝ ԱԺ ընդունած օրենքը կարո՞ղ է ուժ ունենալ, նա պատասխանեց. «Առանց ՍԴ եզրակացության չէր կարելի դնել հանրաքվեի, դրա մասին ասել են, որ իրավաչափության խնդիրներ են եղել հանրաքվեում՝ վենետիկցիների վերջին կարծիքում: Մեր Սահմանադրության և Հանրաքվեի մասին օրենքում սևով սպիտակի վրա գրված է, որ դու գնում ես հանրաքվեի՝ ցանկացած ընտրատեղամաս, որ մտնում ես, պատին պետք է լինի 2 փաստաթուղթ՝ մեկը՝ ինչի՞ ես գնում քվեարկես, մյուսը, որ դա օրինական քայլ է՝ ՍԴ եզրակացությունը: Դուք կարծում եք՝ ժողովրդի իրավագիտակցությունն այնքան բարձր է, որ հասկանո՞ւմ է՝ ինչ հանրաքվեի է գնում, ո՛չ: Դրա համար են գրել այդ օրենքում»:
Նա նկատեց՝ կան մարդիկ, որոնք իրենց ՍԴ դատավորների տեղն են դնում, որոշում են, թե ՍԴ դատավորներն ինչ կարող են որոշել, հետո ասում են, թե շահերի բախում է. «Դա ասողներն ուղղակի գրագետ չեն: Ցանկացած հարց ՍԴ-ն առաջին հերթին նայում է ընթացակարգային խախտումների տեսակետից: ԱԺ քայլերը՝ գործունեության կարգը, գրված է ռեգլամենտում, ցանկացած օրենսդրական ակտ ՍԴ-ն նայում է՝ համապատասխանո՞ւմ է արդյոք ռեգլամենտին, թե՞ ոչ: Մեզ ասում են, որ դուք շահագրգիռ եք՝ ո՞վ ասաց, որ մենք բովանդակային ենք նայելու այդ հարցը: Նախ պետք է նայես ընթացակարգայինը, հետո նոր բովանդակայինին գաս»:
Ֆելիքս Թոխյանն ընդգծեց. «25 տարի ծառայել եմ իմ ժողովրդին, ոչ մի իշխանությանը չեմ ծառայել: Ժողովուրդն է ինձ ասել՝ կարող ես այստեղ մնալ, ժողովուրդն էլ կարող է ինձ ասել՝ Թոխյան ջան, քեզնից հոգնել ենք, գնա տուն: Վենետիկցիների կարծիքում ասվում է, որ նոր եկած իշխանությունները չպետք է խախտեն դատավորների անփոփոխելիության սահմանադրական սկզբունքը: Ես կգնամ, ոչ մի խնդիր չունեմ, բայց մեզնից հետո այստեղ պետք է գան, չէ՞: Իշխանության փոխվելուց հետո մյուս իշխանությունն ի՞նչ է անելու, ասելու է՝ մերոնք չեք, ու եթե այս անգամ 3 հոգու են հեռացնում, նրանք 10 հոգու հեռացնեն. այդպես չի լինի: Կյանքում այս վիճակի մեջ չեմ ընկել, որ իմ իշխանության, պետության դեմ պետք է պայքարեմ, այսինքն՝ իրավական ձևով պետք է ապացուցեմ, որ դու ճիշտ չես: Կա դատական ուղի, կա Եվրոդատարան, բայց ես կարծում եմ, որ դեռ որոշակի խելամիտ բաներ կգտնվեն»:
Նա հավելեց, որ այստեղ ոչ այնքան խորը, բայց կա վեճ՝ ԱԺ-ի և ՍԴ-ի միջև. «ԱԺ-ն ասում է՝ այս լիազորությունն իմն է, մենք ենթադրում ենք, որ դա իրենը չէ, Սահմանադրության մեջ գրված է, որ դու չպետք է առանց եզրակացության գնաս այդ փոփոխություններին: Այսինքն՝ սահմանադրական մարմինների միջև վեճերի խնդիր կա: Արագ մի գնացեք, դեռ նախագահը պետք է ստորագրի, դեռ խմբակցությունները մտածում են՝ ոնց դիմեն, այնպես չէ, որ ամեն ինչ կորած է»: