ԲՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական հեղաշրջմանը. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու արտահերթ նիստին, որտեղ քննարկում է Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծը:
«ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի բոլոր իրավական և քաղաքական հետևանքների համար այս նիստի բոլոր մասնակիցները, բոլոր դերակատարները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն: Քանի որ փորձ է արվում մանիպուլյացնել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, պարոն Մելքումյանը կասի, թե ինչ է իրականում ասել Վենետիկի հանձնաժողովը: Ասեմ, որ այս կարևորագույն հարցի քննարկման համար սահմանվել է ընդամենը երկու ժամ: Այսինքն՝ երկու ժամում ուղղակի հնարավոր չի լինելու համապարփակ ներկայացնել, թե ինչպիսի սահմանադրական հեղաշրջում են պատրաստում Հայաստանում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ նիստին իրենց մասնակցությունն անիմաստ է, քանի որ քաղաքական մեծամասնությունը ստանալով քաղաքական հրահանգ՝ անում է ամեն ինչ՝ այդ նախագծերը կյանքի գնով անցկացնելու համար: Նույն կերպ ստացել էին քաղաքական հրահանգ՝ մեկ մարդու նման կողմ քվեարկել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությանը:
«Մենք ունենք բավականաչափ հարթակներ մեր տեսակետներն ու դիրքորոշումները ներկայացնելու համար»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ուրբաթ օրը Վենետիկի հանձնաժողովը քվեարկել է այն տեքստին, որին այսօր ծանոթացել ենք:
«Փաստորեն, իշխանությունն ուրբաթ օրվա վերջում կայքում դրեց այն նախագիծը, որը մենք որակում ենք՝ որպես սահմանադրական կարգի տապալում: Հրապարակված տեքստը հակառակ բևեռի տեքստ է, քանի որ Վենետիկի հանձնաժողովն ասել է, որ պետք է ապահովել ՍԴ դատավորների անփոփոխելիություն, որը դատական իշխանության անկախության նախապայմանն է: Իսկ մենք ի՞նչ ենք անում, որևէ անկախություն չենք ապահովում, ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանան: Վենետիկի հանձնաժողովը տվել էր անցումային փուլ, այլ ոչ թե միանգամից, այսպես կացնային ձևով: Մենք կունենանք անգործունակ ՍԴ»,- նշեց Միքայել Մելքումյանը:
Նա ընդգծեց, որ պետք է առաջանա պատասխանատվության ինստիտուտ, ինչն էլ շատ արագ լինելու է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում