«Եթե պատգամավորը զրկվել է անձեռնմխելիության իրավունքից, չի նշանակում, որ նրան կարող են մեղսագրել նաև այլ հանցանքներ». Սմբատ Մինասյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գլխավոր դատախազի ԱԺ ներկայացրած միջնորդագրի և քննիչի դատարան ներկայացրած միջնորդագրի միջև կան հակասություններ:
Ըստ նրա՝ հակասություն է եղել նաև կալանքի հիմքերի հետ կապված:
«Դատախազն ընդհանուր առմամբ երկու հիմքեր է ներկայացրել, և քննիչը այդ երկու հիմքերից բացի՝ ներկայացրել էր ևս երկու հիմք:
Խնդիրն այն է, որ պաշտոնական կողմը բարձրացրեց հարց, և ակնկալում ենք դատարանից բարձր մակարդակով պատասխան՝ արդյոք քննիչը, այսինքն՝ միջնորդություն ներկայացրած անձը, դուրս չի՞ եկել ԱԺ ներկայացրած միջնորդագրի սահմաններից և ներկայացրել է այլ պայմաններ: Այդ պայմաններում, մեր կարծիքով և մեր համոզմամբ, այստեղ կա անձեռնմխելիության չհաղթահարված իրավիճակ, այսինքն՝ պարոն Ծառուկյանը, լինելով պատգամավոր, ունի երաշխիքներ»,- ասաց Է. Խաչատրյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ առաջնորդը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, փաստաբանն արձագանքեց. «Ըստ էության, զրկվեց կոնկրետ քրեական գործով, կոնկրետ երկու հիմքերի պայմաններում:
Ինչի եմ բարձացնում այս հարցերը՝ եթե կան այլ հիմքեր, այս դեպքում ԱԺ-ն, իմ հազմոզմամբ, պետք է ունենար նաև այդ հիմքերը, այսինքն՝ պատգամավորի անձեռնմխելիության երաշխիքը հենց դրա մեջ է: Եթե պատգամավորը զրկվել է անձեռնմխելիության իրավունքից, չի նշանակում, որ նրան կարող են մեղսագրել նաև այլ հանցանքներ. միանշանակ չեն կարող: Ընդ որում, մենք բարձրացրինք հարցեր, որ նույնիսկ, եթե մեղադրանքի մեջ ձևակերպում փոխվի, այս դեպքում ԱԺ-ն պետք է տեղյակ լինի»:
Հիշեցնենք, որ գործի քննությունը սկսվել է հունիսի 17-ից։ Գ. Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը է ներկայացրել ԱԱԾ-ն։ Միջնորդությունը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։