«Հաղթանակած երկրի ղեկավարը խաղաղություն է մուրում Ադրբեջանի ժողովրդից»
Որքան շատ է Ալիևն իր ռազմատենչ հայտարարությունների չափաբաժինը մեծացնում, այնքան ադրբեջանցիների հետ բաց ու անկեղծ խոսելու Հայաստանի վարչապետի ոգևորությունը ավելանում է։ Բայց մեծ հարց է, թե հայաստանցիների ու արցախցիների հետ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բաց ու անկեղծ խոսե՞լ է Նիկոլ Փաշինյանը, որ հիմա էլ հերթը հասել է ադրբեջանցիներին։ Ո՞վ է ասել, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ որոշմանը զրո արձագանք ու վերաբերմունք ցուցաբերող վարչապետին հայ ժողովուրդը կլիազորի իր անունից ադրբեջանցիների հետ բանակցելու գործը։ Ադրբեջանցիների հետ խոսելու, ներքին ու արտաքին խնդիրների շուրջ irates.am-ը զրուցել է ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ։
-Ի՞նչ դիրքորոշում ունեք Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Սա իրավակա՞ն գործընթաց է, թե՞ քաղաքական հետապնդում։
-Սա ընդդիմադիր ուժերին ճնշելու իշխանության հերթական քայլն է, միանշանակ դա քաղաքական հետապնդում է։ Այսօր աննախադեպ բան է տեղի ունենում, երբ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը միասնաբար պահանջում են իշխանության հրաժարականը։ Իրեն օրինական համարող իշխանությունն ընդամենը 2 տարվա ընթացքում հասավ այն բանին, որ մեկ օրակարգի շուրջ հավաքեց գրեթե ընդդիմադիր բոլոր ուժերին։ Սա իշխանության «շնորհքն» է, որ բոլորը համախմբվեցին ու կառավարության, նրա ղեկավարի հրաժարականը պահանջեցին։
-Նորմա՞լ է, որ համավարակի այս շրջանում, երբ Հայաստանի ցուցանիշները ռեկորդային են, իշխանության հոգսը քաղաքական հակառակորդներին լռեցնելը, իր ճանապարհից հեռացնելն է։
-Հաշվի առնելով մեր իշխանության կենսագրությունը, անընդհատ մեղավորներ գտնելն ու թիրախավորելը, ձախողումների ողջ մեղավորությունը ժողովրդի վրա բարդելը, պետք չէ այլ բան սպասել նման ուժից։ Եթե մարդն ունի ծրագիր, կառավարման տեսլական և հայեցակարգ, նորմալ է մոտենում առողջ քննադատությանը, փորձում է երկիրը զարգացնել, անվտանգային խնդիրները լուծել, արտաքին հարաբերությունները բարելավել, իսկ այսպիսի վիճակներում, բնականաբար, միակ հոգսը լինելու էր համավարակի դեմ պայքարը։ Բայց քանի որ այս իշխանությունն ի սկզբանե տապալել է ոլորտների աշխատանքը, անլուրջ մոտեցում է ցուցաբերել ամեն հարցում, չի կարող պայքարել համավարակի դեմ։ Ավելին, անլուրջ իշխանությունը հիմա պահանջում է լուրջ վերաբերվել իր որոշումներին, ինչը պարզապես անհեթեթություն է։ Ժողովուրդն ավելի պատասխանատու է վերաբերվում իրավիճակին, քան իշխանությունը։ Չնայած այս հանգամանքին, իշխանությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, թե այս վիճակի մեղավորը ժողովուրդն է, իբր մարդիկ չեն հետևում կանոններին, հակառակվում են որոշումներին։ Եթե անգամ որոշ քաղաքացիներ ընդդիմանում են այդ որոշումներին, դրա միակ պատճառը իշխանության ի սկզբանե ստեղծած անլրջության, անպատասխանատվության մթնոլորտն է։ Երկու տարի շարունակ այս իշխանությունը զբաղված է ներքաղաքական բզկտոցներով, ոչ մի առաջընթաց չկա որևէ ոլորտում։
-Համավարակի դեմ պայքարի աշխատանքները տապալելու և տարածաշրջանում վատ ցուցանիշներով առաջին հորիզոնականն զբաղեցնելու համար այս իշխանությունը չպե՞տք է առնվազն համապատասխան ոլորտի ղեկավարին վաղուց աշխատանքից հեռացներ։ Ի վերջո, այս ամենի համար պատասխանատուներ կան, որոնք ձախողել են իրենց աշխատանքը։
-Ժամանակին տարբեր անհատներ բարձրաձայնում էին, որ պետք է անհապաղ արտակարգ դրություն հայտարարել, կարանտին մտցնել, փողոցներ ախտահանել ու ճիշտ կազմակերպել կանխարգելման աշխատանքները, սակայն իշխանությունը զբաղված էր հանրաքվեի քարոզարշավով։ 3 միլիոնից էլ քիչ բնակչություն ունեցող մեր երկրին տեր կանգնելու, առողջապահական աղետից հետ պահելու համար պետք չէր լինել աշխարհի գիգանտներից մեկը։ Եթե մի բուռ ժողովրդին չես կարող տեր կանգնել, դու ի՞նչ գործ ունես իշխանության գլխին։ Հարկավոր էր նախօրոք բոլոր մասնագետներին համախմբել, ճիշտ քայլեր իրականացնել ու երկիրը չհասցնել այս օրին։ Մենք մեծ հաջողությամբ շատ վաղուց կարող էինք այս խնդիրը լուծել, ոչ թե իրավիճակը հասցնել հումանիտար աղետի։ Այս խայտառակ ցուցանիշները չէինք ունենա, եթե մտահոգ ու պրոֆեսիոնալ իշխանություն ունենայինք, այնինչ այսօր մեր պետականության թիվ մեկ մարտահրավերն այս իշխանությունն է։
-Նշեցիք, որ ընդդիմությունը համախմբվել է մեկ հարցի շուրջ՝ իշխանությունից օր առաջ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ օրակարգով, ի՞նչ ժամկետում է հնարավոր դա իրագործել։
-Այսօր այս իշխանության ամեն օրն ավելի է վտանգում մեր պետականությունը։ Շատ կարևոր է, որ գիտակցենք, թե արտաքին քաղաքականությունը որքան է ձախողված։ Իսկ եթե դու արտաքին քաղաքականություն չունես, նշանակում է քո ներքին անվտանգությունը ևս խաթարված է։ Այսօր Էրդողանը նիստ է անում և հայտարարում է, թե ցեղասպանությունը կեղծիք է, սուտ, պատմությունն ամբողջովին խեղաթյուրում է և ներկայացնում իրեն հարմար տարբերակով։ Այս ընթացքում Ալիևը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները՝ Երևանն իրենցը համարելով։ ՈՒ այս ամենի համատեքստում միջազգային հարթակներում հայկական ճշմարիտ խոսքը չկա, հայկական լոբբինգը թուլացել է, մինչդեռ տեղեկատվական, դիվանագիտական մեծ արշավ է սկսել թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան։ Այս ընթացքում մեր իշխանությունը զբաղված է ընդդիմախոսներով, մեղադրում է ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին, բոլորին։
-Բայց Նիկոլ Փաշինյանի ջանքերն էլ պետք է գնահատել, նա ցանկանում է արդեն ադրբեջանցիների հետ բաց ու անկեղծ խոսել։
-Փաշինյանը կարծում է, որ եթե Ալիևի հետ չի ստացվում երկխոսությունը, ուրեմն ադրբեջանցիների հետ պիտի խոսել։ Իր իսկ սիրած ոճով ասեմ, օդում կախված լուրերի համաձայն, նա որոշել է ադրբեջաներեն ուղերձ հղել ադրբեջանցիներին։ Այսինքն, հաղթանակած երկրի ղեկավարը խաղաղություն է մուրում Ադրբեջանի ժողովրդից։ Այսօրվա ներքաղաքական բոլոր խաղերի նպատակը մեր երկրի անվտանգությանը սպառնացող խնդիրներից, Արցախի հարցից շեղելն է։
-Կարելի՞ է Ձեր խոսքից ենթադրել, որ արցախյան բանակցություններում վտանգավոր զարգացումներ կան, և հիմա այս ամենն արվում է, որպեսզի հանրային ուշադրությունը դրանից շեղեն։
-Այո, չի բացառվում։ Այսօր իշխանությունը տապալել է բանակցային գործընթացը և ընդհանրապես երկրի կառավարումն ամբողջությամբ։ Նրանց գնալը ժամանակի խնդիր է։ Անգամ կորոնավիրուսի փաստն են նրանք օգտագործում և մարդկանց վախի մեջ պահում։ Պատկերացնու՞մ եք, որ երկրի ղեկավարն անձամբ հայտարարի, թե մենք դժոխքի միջով ենք անցնում։ Միաժամանակ ներքին բախումներ են ստեղծում, անհանդուրժողականության մթնոլորտը թեժացնում։ ՈՒ ամենևին չեմ բացառում, որ այս ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ծրագրերն են ակտիվ իրագործում։ Այս իշխանության մեկ րոպե անգամ առաջ հեռացումը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունից է բխում։ Այս գործում կապ չունի, թե այս կամ այն քաղաքական գործչին ընդունում ենք, թե ոչ, նժարին դրված է յուրաքանչուրիս անվտանգության հարցը։
-Վերջին օրերին այս հարթակում Հայաստանը իրար հաջորդող կորուստներ է արձանագրում։ Նախ ԵԽ պատգամավորի ոչ հայանպաստ ձևակերպումներով հայտարարությունը, հետո մեր երկրի քաղաքացիների տվյալները հայտնվեցին ադրբեջանցիների ձեռքում։ Այս ամենն ինչի՞ ապացույց է։
-Այս ամենն ապացուցում է, որ հայկական լոբբինգը քնած է, իսկ հակառակորդինն էլ շատ ակտիվ է, խորհրդարանական դիվանագիտությունը ԵԽԽՎ-ում ընդհանրապես գործ չի անում։ Այդ ամենը նաև ապացուցում է այն, ինչ վերևում նշեցի՝ ունենք անվտանգության լուրջ խնդիր, որն առնչվում է յուրաքանչյուրիս, ու արդեն վտանգը մեր դուռն է թակում։ Այսօր ի պաշտոնե երկրի անվտանգության պատասխանատուները բացարձակ իրենց գործառույթները չեն իրականացնում։ Եթե ԵԽ պատգամավորների հայտարարությունում ասվում է, թե մենք իբր «օկուպացրել ենք» մեր ազատագրած հողերը, ու դա չի ստանում քաղաքական համարժեք պատասխան, նշանակում է հայկական դիվանագիտությունն ամբողջովին տանուլ է տրված։
-Ո՞րն է ստեղծված իրավիճակից անցնցում ելքը։
-Միանշանակ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ժողովուրդը պիտի գտնի այս իրավիճակում տարբերակ ու անհապաղ պահանջի իշխանության հրաժարականը։ Այսօր Հայաստանը մեկուսացած վիճակում է, բոլոր հարևանների, գործընկեր պետությունների հետ ունի խնդիրներ՝ սկսած Չինաստանից մինչև Իրան, Ռուսաստան։ Ինչպես է ստացվում, որ Փաշինյանը բոլորի հետ ունի խնդիր, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից։ Եթե մի փոքր անգամ անվտանգության խնդիրները գիտակցում ենք, պետք է հասկանանք իրավիճակի լրջությունը և հասնենք այս իշխանության հեռացմանը։ Հիմա այլևս խնդիրը անձի մասին չէ, այլ երկիրը փրկելու։ Պետք է լինի անցումային, ժամանակավոր իշխանություն, որից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որ կարողանանք առավելագույնս քիչ վնասներով փրկել մեր պետությունն ու պետականությունը։