«Շատ հաճախ ինձ ասում էին՝ ինչո՞ւ եք օրենքը փոխում, արդյոք ուզում եք մեզ սահմանափակե՞լ». Խորհրդարանը քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը

Խորհրդարանը քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը  մի քանի հարց ուղղեց, որոնք, ըստ նրա, ծագել  են հասարակության մոտ.

«Այսօր որոշ տեղեկատվական միջոցներում կարող ենք հանդիպել ստի, լկտի ստի, լպիրշ խոսքի, իրենց քաղաքական գործիչ համարող անձանց անդաստիարակ պահվածքի անսպառ մարաթոնի: Այստեղ առաջանում են օբյեկտիվ հարցեր՝ կա՞ արդյոք սահման խոսքի ազատության և, ասենք, լպիրշ, հայհոյախառը խոսքի միջև: Եթե կա, ապա որտե՞ղ է այդ սահմանը: Կամ մեկ ուրիշ հարց. ցանկացած խոսքի հնչելը՝ խոսքի ազատության դրսևորո՞ւմ է, թե՞ ոչ, ընդ որում, երբ այդ խոսքը իր մեջ պարունակում է առերևույթ վիրավորանք:  Եվ արդյո՞ք այդ վիրավորանքից պաշպանվելու միակ միջոցը պետք է լինի դատական պաշտպանությունը: Ընդ որում, պաշտպանություն, որը հաճախ տևում է ամիսներ կամ նույնիսկ տարիներ: Հաջորդ հռետորական հարցադրումս վերաբերում է մարդու տեղեկացված լինելու իրավունքին և բութ քարոզչությանը։ Արդյոք այստեղ կա՞ սահման, թե՞ ոչ, եթե կա՝ որտե՞ղ է այն: Ցավոք սրտի, մարդու տեղեկացված լինելու իրավունքը և սուտը ճշտից տարբերելու իրավունքը երբեմն կարող է մարդու կյանք արժենալ: Ահավասիկ, երեկ տեղի ունեցած դեպքը, երբ ապատեղեկատվության պատճառով քաղաքացին հրաժարվել էր կորոնավիրուսի թեստ հանձնել և չհանձնելու ու չբուժվելու պատճառով, ի վերջո, մահացել է: Պետությունը պետք է պաշտպանի իր քաղաքացուն ստից և կեղծիքի՞ց, թե՞ համարենք, որ խոսքի ազատություն է, և ամեն ինչ կարելի է: Ես կարծում եմ, որ պետությունը պետք է ու պարտավոր է պաշտպանել իր քաղաքացուն»:

Ըստ պատգամավորի, հաշվի առնելով ժամանակակից պահանջները, ՀՌՀ-ն պետք է ընդլայնի իր գործունեության շրջանակները. «Կամ ՀՌՀ-ն ընդլայնում է իր գործունեության շրջանակը  և իր մեջ ներառում է նաև էլեկտրոնային հարթակները և,  բնականաբար, իր անվանումն էլ պետք է փոխվի, կամ այն առհասարակ մի օր դառնալու է ձևական կառույց, քանի որ կարգավորում է խոսքի արտահայտման ուղիների շատ փոքր մասը միայն»:

Նույն խմբակցությունից Գայանե Աբրահամյանն ընդգծեց  նախագծի կարևորությունը՝ այն որակելով ժողովրդավարության համար հիմնարար օրինագիծ, ապա հավելեց.

«Շատ հաճախ ինձ ասում էին՝ ինչո՞ւ եք օրենքը փոխում, արդյոք ուզում եք մեզ սահմանափակե՞լ: Ոչ, սիրելի ընկերներ, 4-րդ իշխանությանը սահմանափակել որևէ իշխանություն, առավել ևս՝ ժողովրդավար լեգիտիմ ընտրություններով ընտրված իշխանություն, չի կարող և չի ցանկանում, բայց կանոնակարգել, անշուշտ, անհրաժեշտ է:

Ազատ խոսքի իրավունքը բոլորովին բացարձակ իրավունք չէ, սա սահմանափակվում է, եթե այն սահմանափակում է և խաթարում է մյուս իրավունքները, և սա նորություն չէ:

Եթե ընդհանրապես վերջին ամիսներին խոսում ենք մեդիապատերազմի մասին, ես ուզում եմ հստակ տարբերակենք՝ սա ոչ միայն կառավարող ուժի դեմ, իշխանության դեմ, Կառավարության կամ Ազգային ժողովի դեմ  ուղղված մեդիապատերազմ է, սա Հայաստանի դեմ սանձազերծված մեդիապատերազմ է, և սրա նպատակը ոչ միայն խնդիրներ հարուցելն է, կառավարության վարկանիշը նվազեցնելն է, այլ սրա նպատակը առավելապես վերջնաժամկետում և շատ ավելի հեռահար նպատակում ժողովրդավարության հիմքերը խաթարելն է»:

Ըստ պատգամավորի՝ այն, ինչ պետք է կարգավորի ներկայացված օրենքն առավելապես՝   ֆինանսական թափանցիկության հարցն է. «Ինչո՞ւ է կարևոր ֆինանսական թափանցիկությունը, և սա ոչ միայն Եվրախորհրդի արդեն տասը տարի շարունակ տարբեր փաստաթղթերում դրվող առաջարկությունն է այն երկրներին, որտեղ խնդիրները բազմաթիվ են, սա նաև կարևոր է մեր քաղաքացիների համար, որովհետև քաղաքացին պետք է իմանա՝ ինչ պայմաններում, ինչ շահեր սպասարկելով, ում որոշակի ծառայություններ մատուցելով և ինչ ֆինանսական աղբյուրների միջոցով են ստեղծվում այն լուրերը, այն տեղեկությունները»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի կարծիքով՝ օրենքը կարևոր է, սական շատ է քաղաքականացված:

«Ես ուզում եմ դիտարկենք այս օրենքը՝ իբրև զուտ որպես բիզնես,  և կոնկրետ նշեմ, թե այդ 10 տարին ինչու չարժե իջեցնել 7 տարի,- նշեց պատգամավորը՝ նկատի ունենալով 10 տարով տրվող հաճախականության օգտագործման լիցենզիաները, որոնք ավարտվում են այս տարի, և հավելեց,- Հեռուստաընկերություն պահելը շատ թանկ պրոյեկտ է, և իր վերադարձելիությունը շատ դժվար է: Եթե դուք ունենայիք հաշվարկներ,   օրինակ բերեիք՝ որ ընկերություններն ինչ շահույթով են աշխատում , ավելի ճիշտ կլիներ արգումենտը, որպեսզի հասկանայինք՝ ինչու ենք այդ տարին իջեցնում»:

Պատգամավորը հավելեց՝ հեռուստաընկերություններն անընդհատ ներդրումներ են պահանջում. «Այս 7 տարին այս բիզնեսի համար շատ քիչ է: Այս մասով, առաջարկում եմ՝ վերանայեք նորից, եթե հաշվարկներ կան, գոնե հաշվարկները դնենք տակը»:

Տեսանյութեր

Լրահոս