«Գործող օրենքն այլևս չի կարգավորում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը». Վահագն Թևոսյան
Խորհրդարանը քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Թևոսյանը տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթը լիազոր հանձնաժողովում ստացել է միաձայն դրական եզրակացություն, ապա մեկնաբանելով, թե ինչու է անհրաժեշտություն ծագել փոխելու օրենքը՝ պարզաբանեց.
«2020-ի հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի ազատ թվային տիրույթների մրցույթները, այսինքն՝ այն 10 տարով հաճախականության օգտագործման լիցենզիաները, որոնք տրված էին, ավարտվում են այս տարի, որպեսզի հունվարի 1-ից հանրային հեռուստացանցն արդեն հագեցած լինի նոր մրցույթի արդյունքներով:
Անհրաժեշտություն էր առաջանում, որպեսզի այս օրենքը շատ ավելի շուտ ընդունեինք, քան կհայտարարվի մրցույթը. Նախ՝ որ նրանց համար հասկանալի լինեն այն խաղի կանոնները, որոնք շարադրվելու են այս նախագծում, և երկրորդ, որ նոր մրցույթում հաղթած և նոր կանոններով գործող մեդիածառայությունները գործեին արդեն նոր օրենքի կարգավորման շրջանում և իրավական կազուս չլիներ»:
Պատգամավորը հավելեց, որ գործող օրենքն այլևս չի կարգավորում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը.
«Սահմանադրությունում մենք ունենք արձանագրած անկախ պետական մարմին՝ ՀՌՀ-ն, որը միտված է կարգավորելու, վերահսկելու, ապահովելու հեռուստատեսությունների և ռադիոյի ազատությունները, այնինչ մեր իրականությունում կան մի քանի ձևավորված համակարգեր, որոնք այս օրենքով չեն կարգավորվում:
Ըստ երևույթին գործել են նույն հակաինստիտուցիոնալ ներքին համակարգային հարաբերությունները, երբ որ՝ «դե, մենք նորմալ ենք էս ուժի հետ, որ ունի տելե, մենք վատ չենք էն մյուս ուժի հետ, որ ունի տելե, դե, տվել ենք, և այլն»: Ըստ էության, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը մեծամասամբ հենց այդպես էլ եղել է, և կարգավորող մարմինը զուտ բուտաֆորիկ դեր է ունեցել: Հիմա մենք փորձելու ենք անցնել ինստիտուցիոնալ կարգավորման»:
Վահագն Թևոսյանը վստահեցրեց, որ նոր նախագծով կլինի նոր մրցակցային միջավայր, որտեղ աստիճանաբար կսկսենք տեսնել նաև որակական փոփոխություններ:
Նա տեղեկացրեց, որ բովանդակային մասով կա բանավեճ. «Արդյո՞ք այս օրենքի նախագծում մենք կարողանում ենք քաղաքացու օբյեկտիվ տեղեկացված լինելու իրավունքն օրենքով այնպես ամրագրել, որպեսզի դույզն-ինչ ոտնձգություն չիրականացնենք Հայաստանի Հանրապետռության և մասնավորապես մեր թիմի կողմից որդեգրված խոսքի ազատության անառարկելիության սկզբունքի նկատմամբ:
Այս պահի դրությամբ մենք ահագին թեթևացրել ենք մի հոդված, որտեղ կային կարծիքներ, որ որոշակի խնդիրներ կարող է ստեղծվել խոսքի ազատության հետ, և ձևավորվեցին որոշակի գաղափարներ այդ թեմայով, որոնց մասին հիմա խորհրդակցում ենք և շուտով նաև այդ փոփոխությունները կառաջարկենք»:
Նկատենք՝ «Տեսալսողական մեդիայի մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ հիմնավորման մեջ մասնավորապես նշված է.
«Ոլորտը կարգավորող օրենքի շրջանակներում պետք է կարգավորվեն տեսալսողական հաղորդակցության այն բոլոր տեսակները, որոնք գտնվում են ծառայություն մատուցողի խմբագրական անձնակազմի, դիստրիբյուտորի և տեսալսողական արտադրանքն օգտատերերին հասցնողների պատասխանատվության ներքո:Սա ներառում է ոչ միայն ռադիոն և հեռուստատեսությունը, այլ նաև ըստ պահանջի ծառայությունները (անկախ նրանից, թե ինչ հատուկ տեխնոլոգիա և հարթակ է օգտագործվել դրանք բաշխելու համար): Այն ընդհուպ պետք է ընդգրկի նաև տեսագրությունների տարածման հարթակների գործունեության որոշ հայեցակետեր, ինչպիսիք են համացանցում տարածվող, սակայն ցանցային օպերատորի կողմից հեռարձակման ընթացքում ծագող հասարակական հարաբերությունները: Գործող կարգավորմամբ` ելնելով սկզբունքներից, պետք է նախատեսված լինեին ծառայության տեսակներ, բովանդակություն, այլ ոչ թե կենտրոնացում այն տեխնոլոգիայի վրա, որը ապահովում է դրա տարածումը կամ բաշխումը, քանի որ այն այլ նորմատիվ իրավական ակտի կարգավորման առարկան պետք է հանդիսանա: Բացի այդ, կենտրոնանալով տեխնոլոգիաների վրա` կորսվում է ճկունությունը, քանի որ տեխնոլոգիաներն արագ են զարգանում, իսկ օրենսդրի` քննարկվող իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտը պետք է լինի հարատև:
Ներկայումս տեսալսողական մեդիայի վերաբերյալ օրենքի դերը պետք է ուղղված լինի արդեն իսկ գոյություն ունեցող տարբեր մեդիա սուբյեկտների գործունեությունը հեշտացնելուն և հանրային ոլորտի շրջանակներում նրանց դերին և դիրքին համաչափ և համապատասխան իրավունքների և պարտականությունների համակարգ ստեղծելուն` այդպիսով խուսափելով ավելորդ կամ անհամաչափ սահմանափակումներից, բայց նաև բաց չթողնել կարգավորման համար անհրաժեշտ որևէ հարաբերություն: Դրանով պետք է դյուրացվի նաև նոր սուբյեկտների մուտքը տեսալսողական շուկա, մասնավորապես` թվայնացմամբ և մասնավոր մուլտիպլեքս օպերատորի ներգրավմամբ պայմանավորված, և պետք է ապահովվի տարբեր տեսակի մեդիաների միջև հավասարակշռված մրցակցային միջավայր:
Սահմանվել են տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքներ` ուղղված տեսալսողական մեդիա ոլորտում ատելության խոսքի վերացմանը, անչափահասների վրա վատ ազդեցություն թողնող տեսալսողական արտադրանքի այնպիսի սահմանափակմանը, որը կբացառի այդ ազդեցությունը:
Տեսալսողական մեդիածառայությունների ազատության ու անկախության երաշխիքի նպատակով են տեսալսողական հաղորդումներում սահմանվել հովանավորության սահմանափակումներ: Այդ նույն երաշխիքով սահմանափակումներ են նախատեսվել նաև տեսալսողական մեդիածառայությունների հիմնադիրների մասով և դրանցից բացառություն չեն կազմում նաև բարձրաստիճան պաշտոնատար և իրենց փոխկապակցված անձինք, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները, սահմանվել են հակամենաշնորհային երաշխիքներ: Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին առաջադրելու մեխանիզմը գործող օրենքով էլ բավականին բարդ է: Անդամները նշանակվում են վարչապետի կողմից` հատուկ մրցութային հանձնաժողովի առաջադրմամբ, որն ընտրվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից սահմանված կանոններին համապատասխան: Խորհրդի անդամների նշանակման այս բարդ ընթացակարգը որոշակի առումով երաշխավորում է դրանց անկախությունը քաղաքական ղեկավարությունից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։