Խորհրդարանական ֆա՞րս, իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթացներ
Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում ներկայացնում էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդությունը:
168.am-ը հետևում էր իրադարձությունների ողջ ընթացքին: Պատգամավորների ելույթներին, հնչեցված հարցերին։ Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հարցերին գլխավոր դատախազի տված պատասխանները կողքից լսողի համար շատ տխուր տպավորություն էին թողնում։
Տխուր էր հետևել «անօգնական» գլխավոր դատախազի՝ ոչինչ չասող, կցկտուր պատասխաններին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը գլխավոր դատախազին հարց ուղղեց, թե գլխավոր դատախազն իր ելույթում հնչեցրել է նաև պատգամավորի հոր՝ Սեդրակ Առուստամյանի անունը, սակայն մինչ այս պահն այդ գործով իր հայրը չի հարցաքննվել ու չի առերեսվել գործով անցնող Վ. Պողոսյանի հետ: Արդյո՞ք ճիշտ չէր հարցաքննելուց հետո միջնորդությունը ներկայացնել խորհրդարանին։
Գլխավոր դատախազը տվեց այն պատասխանը, որն ակնկալել էր Նորա Առուստամյանը և վստահաբար՝ իրավունքից փոքրիշատե գաղափար ունեցող ցանկացած ոք. քննիչն է որոշում՝ երբ հարցաքննել, կհարցաքննվի:
Գլխավոր դատախազը պատասխան չուներ նաև ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանի դիտարկմանը. «Ինքներդ նշեցիք, որ 2017թ. հանդիսանալով գլխավոր դատախազ՝ խորհրդարանական ընտրությունների հետ կապված մամուլում շրջանառվում էին բազմաթիվ տեղեկություններ, որ այս կամ այն գործող պատգամավորը իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին, անգամ կան դրա հետ կապված ձայնագրություններ, կաշառք է բաժանում, կաշառք է տալիս, և դրանց հետ կապված որևէ զարգացում, որևէ քրեական գործ մինչ օրս չի հարուցվել: Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, թե ինչու չի հարուցվել, որովհետև այսօրվա մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում պարզապես տեղադրված են Աննա Հակոբյանի «City of smile»-ի դրամահավաքի համար նախատեսված արկղերը: Ես իրավունք ունեմ այդպես կարծելու»:
«Պարոն դատախազ, ինչպե՞ս է ստացվում, որ առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան էջերում, կարծես թե թափված էր մի տեղ, նրանք հավաքել, տեղադրել էին: Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր փաստաթղթերը, և դա առաջին դեպքը չէ, հայտնվում են տարբեր քաղաքական գործիչների, մարդկանց պատերին, անձնական տիրույթներում, և առերևույթ դրանք հանդիսանում են նախաքննական գաղտնիք»,- սա էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Մանե Թադիլյանի հարցերից մեկն էր:
«Վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալով տեղեկություն հրապարակի, բնականաբար, գնահատելով ռիսկերը՝ նախաքննության արդյունավետության վրա հետագա բացասական ազդեցության: Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը պաշտոնապես կորոշի՝ այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթն իրականացնող մարմնի իրավունքն է, լիազորությունն է, եթե կուզեք՝ պարտականությունն է՝ պայմանավորված հանրությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու իր պատասխանատվությամբ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ իմ ասած աղբյուրներից կամ իմ ասած խողովակից զատ՝ այլ կերպ նախաքննության տվյալների արտահոսք կլինի, դա միանշանակ անընդունելի է, և յուրաքանչյուր նման դեպքով, և այդպիսի բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, մեր հստակ պահանջն է և մեր հստակ հետևողականությունն է՝ պարզել այդ փաստը, որովհետև մենք գործ ունենք նաև հանցագործության հետ: ՔՕ-ն քրեական պատասխանատվություն է նախատեսում նախաքննության գաղտնիքն օրենքով չնախատեսված եղանակով հրապարակելու համար»,- ասաց գլխավոր դատախազը՝ ըստ էության չպատասխանելով, թե ում ցուցմամբ ու լուռ համաձայնությամբ է կազմակերպվել այս արտահոսքը:
Դրանից առաջ հնչել էր այն հարցը, թե ինչո՞ւ նույն Արթուր Դավթյանը, ով 2017-ին նույնպես գլխավոր դատախազ էր, այսպիսի հետևողականություն չէր դրսևորում ընտրակաշառքի դրսևորումների դեմ պայքարում: Պատասխան՝ այդ ժամանակ հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր…
Լղոզվեց նաև Անի Սամսոնյանի հարցն այն մասին, թե ինչո՞ւ քրեաիրավական պատասխանատվության չի ենթարկվում որևէ կաշառք վերցնող անձ. կենթարկվի… հնչեց պատասխանը։
Հոդաբաշխ պատասխան չտրվեց նաև Տարոն Սիմոնյանի այն հարցին, թե ինչո՞ւ են մարդու անմեղության կանխավարկածի խախտմամբ քրեադատավարական պրոցեսներ սկսվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:
Հաջորդիվ իրենց նույնաբնույթ հարցերն ուղղեցին «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն ու ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:
Գորգիսյանը Գլխավոր դատախազին հիշեցրեց, որ երկու տարի առաջ նույն Արթուր Դավթյանն այդ նույն դահլիճում կրկին միջնորդություն էր ներկայացրել, այն ժամանակ՝ ընդդիմադիր, այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ.
«Այն ժամանակ Դուք ակնհայտորեն կատարում էիք քաղաքական պատվեր, հետո կրկին քաղաքական ազդեցության հետևանքով՝ Դուք հետ վերցրեցիք այդ միջնորդությունը: Այսօր որքանո՞վ մենք և հանրությունը կարող ենք վստահ լինել, որ այսօրվա Ձեր միջնորդությունը կրկին պայմանավորված չէ քաղաքական պատվերով: Կա՞ որևէ երաշխիք, որ վաղը կրկին քաղաքական իրողությունների փոփոխության հետևանքով Դուք հետ չեք վերցնի այս նույն միջնորդությունը»,- հարցրեց Գևորգ Գորգիսյանը:
Արթուր Դավթյանը պատասխանեց՝ որևէ քաղաքական հանձնարարություն ինքը չի կատարել:
«Այս մասին ես մանրամասն խոսել եմ, հետևաբար՝ այսօր էլ հանրությունը կարող է վստահ լինել, որ սա մաքուր իրավական գործընթաց է»,- նշեց Գլխավոր դատախազը:
Արձագանքելով՝ Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց՝ եթե քաղաքական պատվեր չի եղել, ինչո՞ւ է հետ վերցրել իր միջնորդությունը:
«Այո, ես պնդում եմ, որ Դուք կատարել եք քաղաքական պատվեր, և կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ Դուք շարունակում եք կատարել նոր քաղաքական էլիտայի առաջնորդների քաղաքական պատվերները: Քանի դեռ հակառակն ապացուցող քայլ Դուք չեք արել, հանրությունը և մենք չենք կարող վստահ լինել, որ Ձեր գործողությունները չեն իրականացվում քաղաքական դրդապատճառներով»,- հավելեց պատգամավորը:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով Գլխավոր դատախազին՝ հույս հայտնեց, որ նա հարգում է սեփական ուսադիրները:
«Դուք 2018 թվականի մայիսին Ազգային ժողով միջնորդություն ներկայացրեցիք մեր նախկին ընդդիմադիր գործընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և հետագա գործընթացներում ներգրավվելու համար: Հետո պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու հետ վերցրեցիք Ձեր միջնորդությունը, Դուք բառացիորեն պատասխանել ենք հետևյալը, թե ձեզ նամակով դիմել է փոխվարչապետը և խնդրել է հետ վերցնել միջնորդությունը: Դուք հիմա պնդո՞ւմ եք, որ, երբ միջնորդություն ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, այն եղել է ոչ թե՝ քաղաքական պատվեր, իսկ ես վստահ եմ, որ այն եղել է քաղաքական պատվեր: Այլապես, եթե կարծում էիք, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, փոխվարչապետի խնդրանքով այդ միջնորդությունը պետք է հետ չկանչեիք, ինչո՞ւ հետ կանչեցիք Ձեր միջնորդությունը»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:
Արձագանքելով՝ Գլխավոր դատախազն ասաց, թե պատգամավորը վկայակոչում է արտահայտություններ, որոնք եղել են հրապարակային, հետևաբար՝ հաստատելու, պնդելու որևէ բան չունի:
«Խնդրում եմ ասեք, թե այսօրվա քննության առարկայի հետ դա ի՞նչ կապ ունի, որից հետո Ձեզ կպատասխանեմ»,- Արթուր Դավթյանն ինքը հարց ուղղեց պատգամավորին, որից հետո ոչ մի առարկայական, ըստ էության, պատասխան չտվեց:
Սա ընդամենը հարցուպատասխանի մի մասն է, և թե այսքանից հետո, այս բազայով միջնորդությամբ ԱԺ եկած գլխավոր դատախազի խոսքերը որքանով են արժանահավատ, թող որոշեն քվեարկողներն ու այս կրկեսին հետևող ՀՀ «հպարտ» քաղաքացիները: