«Այո, ես պնդում եմ, որ Դուք կատարել եք քաղաքական պատվեր». Գևորգ Գորգիսյանը՝ Գլխավոր դատախազին
Այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով խորհրդարանի համաձայնությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ազատությունից զրկելու համար։
Միջնորդությունը ներկայացնելուց հետո, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Գլխավոր դատախազին հիշեցրեց, որ երկու տարի առաջ նա կրկին միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեին ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Այն ժամանակ Դուք ակնհայտորեն կատարում էիք քաղաքական պատվեր, հետո կրկին քաղաքական ազդեցության հետևանքով՝ Դուք հետ վերցրեցիք այդ միջնորդությունը: Այսօր որքանով մենք և հանրությունը կարող ենք վստահ լինել, որ այսօրվա Ձեր միջնորդությունը կրկին պայմանավորված չէ քաղաքական պատվերով: Կա որևէ երաշխիք, որ վաղը կրկին քաղաքական իրողությունների փոփոխության հետևանքով Դուք հետ չեք վերցնի այս նույն միջնորդությունը»,- հարցրեց Գևորգ Գորգիսյանը:
Պատասխանելով՝ Արթուր Դավթյանն ասաց, որ որևէ քաղաքական հանձնարարություն ինքը չի կատարել.
«Այս մասին ես մանրամասն խոսել եմ, հետևաբար՝ այսօր էլ հանրությունը կարող է վստահ լինել, որ սա մաքուր իրավական գործընթաց է»,- նշեց Գլխավոր դատախազը:
Արձագանքելով՝ Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց՝ եթե քաղաքական պատվեր չի եղել, ինչո՞ւ է հետ վերցրել իր միջնորդությունը.
«Այո, ես պնդում եմ, որ Դուք կատարել եք քաղաքական պատվեր, և կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ Դուք շարունակում եք կատարել նոր քաղաքական էլիտայի առաջնորդների, քաղաքական պատվերները: Քանի դեռ հակառակն ապացուցող քայլ Դուք չեք արել, հանրությունը և մենք չենք կարող վստահ լինել, որ Ձեր գործողությունները չեն իրականացվում քաղաքական դրդապատճառներով»,- հավելեց պատգամավորը: