«Յոթ գուղի բնակիչներ մնացել են առանց տրանսպորտի, մինչև Արգավանդ վիրուս չկա՞, Արգավանդից հետո վիրուս կա՞». Հայանիստ գյուղի բնակիչ
Արարատի մարզի Հայանիստ և վեց հարակից համայնքներ զրկված են հանրային տրանսպորտից: Մայիսի 18-ից, երբ սկսեց գործել հանրային տրանսպորտը, 35 համարի երթուղին, որը սպասարկում է Հայանիստը և հարակից գյուղերը, այլևս նշված գյուղեր չի մտնում, երթուղու վերջնակետն Արգավանդն է:
Խնդիրը Գործադիրին ներկայացնելու համար այսօր այդ գյուղերի մի քանի բնակիչներ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ: Ասում են՝ խնդրի մասին տևական ժամանակ բարձրաձայնում են, սակայն պատկան մարմինները պատասխանել են, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ դրա պատճառը կարանտինն է:
«35 համարի ավտոբուսը մեր գյուղեր չի մտնում, յոթ գուղի բնակիչներ մնացել են առանց տրանսպորտի: Մեզ ասում են, որ սա կարանտինի հետ է կապված, երկրում համավարակ կա, հետևաբար՝ չի թույլատրվում սպասարկել մարզին: Այս յոթ համայնքներից բացի, մյուս համայնքներին սպասարկում է մեկ կամ երկու երթուղային, չի հասցնում բոլոր բնակիչներին սպասարկել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Տաթևիկ Ավետիսյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր ակցիայի ժամանակ դիմում-նամակ են փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի վերջիններս քայլեր ձեռնարկեն իրենց բարձրացրած խնդիրը լուծելու համար:
«Մեզ ասում են՝ վիրուս կա, հիմա մինչև Արգավանդ վիրուս չկա՞, իսկ Արգավանդից հետո վիրուս կա՞: Մենք այսօր 5-6 հոգով ենք գնում Կառավարության մոտ, հասկանալի պատճառներով: Մեր դիմում-նամակի պատասխանը ստանալուց հետո մենք կորոշենք մեր հետագա քայլերը»,- եզրափակեց նա: