Բաժիններ՝

Որքանո՞վ է ապահով քաղաքացիներին տեղորոշելու նախագիծը, եթե ադրբեջանական հաքերները հանրայանացրել են առողջապահական բազայի տվյալներ. Պարզաբանում են պատգամավորները

Անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ադրբեջանցիները հանրայնացրել են Հայաստանից կորոնավիրուսով հիվանդների և կոնտակտավորների մոտ 3500 տվյալ. տվյալներն Արմավիրի մարզից են։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով լրացում կատարեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում, որը ենթադրում է բջջային հեռախոսների միջոցով անձանց անձնական տվյալների և տեղակայման մասին տեղեկությունների հավաքագրում և մշակում:

Արդյոք հնարավո՞ր է արտահոսք օրենքով նախատեսվող այս բազայից կամ եթե ադրբեջանցի հաքերները հանրայնացրել են առողջապահական համակարգի տվյալները, որքանո՞վ են ապահով այն տվյալները, որոնք  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներով ենթադրվում է, որ հավաքվում են։

168.am-ը հարցադրումներն ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին:

Հիշեցնենք՝ պատգամավորը տարբեր առիթներով անդրադարձել էր քաղաքացիներին հեռախոսահամարի միջոցով տեղորոշելու նախագծին և դրական գնահատել այն:

Սուրեն Գրիգորյանը ծանոթ չէր ադրբեջանցի հաքերների կողմից տվյալների հանրայնացման մասին տեղեկությանը. «Ձեր ասած դեպքին՝ հաքերների կողմից հրապարակման մասով տեղյակ չեմ, ինչ վերաբերում է տվյալների անվտանգությանը, այդ հարցին բազմիցս պատասխանվել է և երեկ էլ է վարչապետը դրան անդրարձել»:

Նկատենք՝ երեկ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան՝ թե մարդկանց տվյալները չե՞ն փոխանցվի երրորդ անձանց՝ հաշվի առնելով, որ ծրագրի կիրառումը վստահվել է կամավորների, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․

«Այդ գործընթացն իրականացնում է պետական մարմին՝ ի դեմս ԷԿՆԳ-ի, որը կառավարության աշխատակազմի մաս է: Կնքված է աշխատանքային պայմանագիր, որտեղ հստակ իրավունքները և պարտականությունները սահմանված են: Դա լոկալ բազա է և միացված չէ համացանցին, անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են»:

ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ եթե նույն պետական  ապարատն է ապահովում տվյալների անվտանգությունը՝ թե՛ առողջապահական համակարգի տվյալների բազաների, թե՛ համավարակով պայմանավորված օրենքի պահանջ հանդիսացող բազաների, այս առումով անվտանգության ի՞նչ խնդիրներ կարող ենք արձանագրել, նա պատասխանեց.

«Ի սկզբանե երբ հարցնում էի՝ ինչ ծախս պետք է լինի այդ տեղորոշման ծրագիրը բյուջեի համար, մեզ պարզաբանում էին, որ կամավորական հիմունքներով է արվելու, կամավորներ են աշխատելու և մեզ որևէ հստակ թիվ չտրվեց: Հիմա երեկ վարչապետն ասում է՝ ինչ-որ պայմանագրեր կան՝ չմանրամասնելով՝ դրանք աշխատանքային պայմանագրե՞ր են, թե՞ այլ։ Այդտեղ հակասություն նկատեցի՝ եթե ամեն ինչ պայմանագրային հիմունքներով է և կա պետական հսկողություն, ո՞ւր  մնաց կամավորությունը:

Պատգամավորը հավելեց՝ նախատեսում է եկող շաբաթ իր թիմի այլ պատգամավորների հետ գնալ և տեղում ուսումնասիրել՝ ինչպես է իրականացվում գործընթացը, ինչ թիմ է աշխատում և ինչ ծրագրային ապահովություն կա:

Անդրադառնալով ադրբեջանցի հաքերների հրապարակած տվյալներին, Արմեն Եղիազարյանն ասաց. «Ես տեսա, որ տարբերակներ կան, թե դրանք միգուցե ֆեյք տվյալներ լինեն։ Կարծում եմ, այդ տյալները պետական մակարդակով պետք է համադրենք մեր ունեցած տվյալների հետ՝ հասկանալու դրանք իրակա՞ն են, թե՞ կեղծ»:

Ադրբեջանցի հաքերների հրապարակած տվյալներն իրակա՞ն են, թե՝ կեղծ՝ հարցը պարզելու համար դիմեցինք Ազգային անվտանգության ծառայություն․ խոստացան ավելի ուշ պատասխանել:

Պատասխանը ստանալուն պես, 168.аm-ն այն կհրապարակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս